Նավիկն իմ ընկերն էր, մենք վերջին 5 տարին մտերիմ ընկերություն ենք արել. նա լավ մասնագետ էր, մարկետինգի, ավիաընկերությունների կոմերցիոն գործունեությունը կազմակերպելու լավագույն մասնագետներից էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով այսօր մահացած ավիացիոն փորձագետ, խորհրդատու, հայկական ավիացիայի նվիրյալ Նավիկ Խաչատրյանին:
«Նավիկը տեղյակ էր միջազգային կարգավորումներից, որն արդեն կոմերցիա չէ, այլ միջազգային օրենքների պահպանություն է, որը շատ է օգտագործվում կոմերցիայում, որովհետեւ կոմերցիա անելիս, ցանկացած բան պլանավորելուց դու պետք է ծանոթ լինես օրենքներին, չբռնես բեռնատար թռիչք պատվիրես ասենք, «Կատար Էյրվեյզ»-ով Թուրքիայի տարածքով եւ հետո ասես՝ Թուրքիան թույլ չի տալիս: Կոմերցիայով զբաղվողը պետք է դրանից տեղյակ լինի, որ նման տխմարություն չանի: Նավիկը երբեք նման բաներ չէր անի:
Ես կարծում եմ՝ Հայաստանի ավիացիան մեծ կորուստ է կրել: Դա այն մարդն էր, որի ծառայություններից երբեք կառավարությունը չի փորձել օգտվել»,-ասաց նա:
Հակոբ Ճաղարյանը նաեւ պատմեց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ավիացիայի գրեթե բոլոր մասնագետները հավաքվել են իր գրասենյակում. «Ես արդեն հրաժարական էի տվել, բայց ավիացիայի բոլոր մասնագետները միահամուռ հավաքվեցին ինձ մոտ, դրանց մեջ էր նաեւ Նավիկ Խաչատրյանը եւ մենք առաջարկեցինք կառավարությանը 6 կետից ծրագիր: Մասնավորապես, առաջարկում էինք վերականգնել հայկական օդանավերը, որովհետեւ օդանավերը բոլորը դուրս էին գրված, մեկն էր մնացել: Առաջարկում էինք վերականգնել հայ օդաչուների թռիչքային թույլտվությունները, վերաբացել անօրինական փակված հայկական ավիաընկերությունները, օգտագործել մասնագետներին: Նավիկ Խաչատրյանն այդ ավիատորների մեջ էր, որով անշահախնդիր առաջարկեց մեր բոլորի ծառայությունները կառավարությանը: Մենք ոչ պաշտոն էինք ուզում, ոչ գումար: Նավիկ Խաչատրյանի առաջարկն էր, որ գնանք կառավարության կողքը կանգնենք, թող մեզ օգտագործեն: Մենք շատ բաներ կարող էինք անել:
Նավիկ Խաչատրյանի մահը մեծ կորուստ էր եւ Հայաստանի ավիացիայի համար, եւ անձնապես ինձ համար»,-ասաց Ճաղարյանը:





























