Երեւանի կենդանաբանական այգին երկու նոր բնակիչ ունի, պսակակիր կռունկները, որոնց մասնավոր անձն է նվիրաբերել  այգուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։

«Կռունկների ընտանիքին պատկանող այս թռչունները Կարմիր գրքում գրանցված են որպես վտանգված տեսակ: Տարածված են Աֆրիկայում:

Նրանց մարմնի բարձրությունը 90-104 սմ է: Հիմնականում սնվում են բուսական ծագման կերերով: Բազմացման ընթացքում դնում են 2-3 ձու, որոնց վրա նստում են 28-30 օր: Ծնողները հավասարապես հոգ են տանում ձվերի մասին: Ձագերը ծնվելուց անմիջապես հետո ծնողների հետ մասնակցում են կերի հայթայթման ընթացքին:

Պսակակիր կռունկներն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ: Նրանց հեշտ է ճանաչել գլխի ոսկեգույն «թագի» շնորհիվ»,– ասվում է գրառման մեջ։