Նավթի գները 2023թ. սկզբին նորից կարող են բարձրանալ, կարծում է Truist Securities-ի էներգետիկայի ոլորտի հետազոտությունների գծով կառավարիչ-տնօրեն Նիլ Դինգմանը։
«Ներքին շուկայում, լինի նավթի, թե գազի շուկան, այդ ընկերությունները ներկայում շատ ու շատ սահմանափակ լրացուցիչ հնարավորություններ ունեն»,- ասել է Դինգմանը Yahoo Finance Live-ի հետ զրույցում։
ԱՄՆ-ում բնական գազի գները երկուշաբթի բարձրացել են՝ հասնելով 14-ամյա նոր առավելագույնին, Եվրոպայում պաշարների հետ կապված խնդիրների եւ էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Նավթի գներն իջել էին Իրանի հետ միջուկային գործարքի հեռանկարների եւ աճի գլոբալ դանդաղման մտավախությունների ֆոնին, ինչը կհանգեցնի շուկա հում նավթի մատակարարման ավելացման։
Դինգմանի կարծիքով՝ այս տարի նավթը կարող է էժանանալ՝ մեկ բարելը մոտ 80 դոլար, իսկ հետո բարձրանալ՝ հաջորդ տարվա սկզբին հասնելով 110 դոլարի։ «Նույնը տեսնում ենք նաեւ ՕՊԵԿ+-ում։ Այս բոլոր ոլորտները շատ փոքր լրացուցիչ պոտենցիալ ունեն, ինչն ինձ համար հավանական է դարձնում այն, որ հաջորդ տարվա սկզբին, լինի գազը, թե նավթը, գները կբարձրանան»,- ասել է Դինգմանը։




























