Մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայում արտադրությունը նվազում է, ինչն արտացոլում է Գերմանիայում նկատվող միտումը, քանի որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունները ռեկորդային գնաճի եւ ուկրաինական պատերազմի հետ կապված աճող անորոշության են բախվում, փոխանցում է Bloomberg-ը։
S&P Global-ի ֆրանսիական մասնավոր հատվածի ակտիվության ցուցանիշն օգոստոսին իր ամենացածր մակարդակին է հասել՝ 2021 թ. սկզբին համավարակի հետ կապված խափանումներից հետո: Այն ավելի շատ է ընկել, քան սպասում էին տնտեսագետները՝ հատելով շեմը, որը բաժանում է աճը կրճատումից:
Նոր պատվերները նվազել են ինչպես ծառայությունների, այնպես էլ արտադրության ոլորտում, ընդ որում, ընկերություններն ամենաքիչն էին վստահ իրենց ուժերում 2020 թ. նոյեմբերից ի վեր:
«Բարձր գնաճը եւ հետհամավարակային պահանջարկի թուլացումը ստիպեցին բիզնեսին եւ սպառողներին կրճատել հայեցողական ծախսերը,- ասել է S&P Global-ի տնտեսագետ Ջո Հեյսը:- Եվրոպական տնտեսությունները, ըստ երեւույթին, կարող են լուրջ դժվարությունների բախվել տարեվերջին»:
Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները նշում են, որ 19 անդամ ներառով եվրագոտում ռեցեսիան այժմ ավելի հավանական է, քանի որ էներգակիրների գներն աճել են: Աշխարհամասը, որն արդեն զգացել է գների ամենաարագ աճը միասնական արժույթի ներդրումից ի վեր, պատրաստվում է նաեւ տոկոսադրույքների հետագա բարձրացմանը այն բանից հետո, երբ անցյալ ամիս Եվրոպական կենտրոնական բանկը 2011-ից ի վեր առաջին անգամ բարձրացրեց փոխառությունների արժեքը։
Գերմանիայում, որը բոլորից շատ է կախված Ռուսաստանից բնական գազի մատակարարման հարցում եւ այս ձմռանը դեֆիցիտի հեռանկարի առջեւ կկանգնի, արդյունահանումը սկսել էր նվազել հուլիսին եւ կրկին նվազել օգոստոսին, ասվում է S&P Global-ի առանձին ռելիզի մեջ: Եվրոպական թիվ 1 տնտեսության մեջ «մասնավոր հատվածի խորացող անկում» է նկատվում,- նշել է S&P Global Market Intelligence-ի՝ տնտեսության գծով փոխտնօրեն Ֆիլ Սմիթը, որը հեռանկարը որպես «անորոշությամբ ներծծված» է նկարագրում։
«Արտադրական ոլորտում շարունակվող թուլությունը սրվում է ծառայությունների տեմպերի դանդաղմամբ, երբ հարցված ձեռնարկությունները հայտնում են պահանջարկի վրա աճող ճնշման մասին՝ բարձր գնաճի եւ բարձր տոկոսադրույքների պատճառով»,- ասել է Սմիթը:




























