2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 482.2 մլրդ դրամ (մոտ 1.3 մլրդ դոլար), իսկ ծախսերը` 492.7 մլրդ դրամ (մոտ 1.33 մլրդ դոլար): Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ֆինանսների նախարարությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 43.4 մլրդ դրամով (մոտ 117 մլն դոլար), որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 92.3%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 2.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 373.4 մլրդ դրամ (մոտ 1 մլրդ դոլար) հարկային եկամուտներ ու պետական տուրքեր: Հարկերի ու տուրքերի կատարողականի ցուցանիշի վրա բացասական ազդեցություն է գործել արտաբյուջետային մուտքերի ցածր կատարողականը:
Հարկերի եւ տուրքերի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 5.5%-ը` ակցիզային հարկի, 6.9%- ը` շահութահարկի, 12.1%-ը` եկամտահարկի, 5.7%-ը` մաքսատուրքի:



























