Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը չի ազդի Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Ըստ շուկայի ազատականացման ժամանակացույցի, որն ընթացիկ տարում հաստատել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, էլեկտրաէներգիայի մատակարարումները 2022 թվականի փետրվարի 1-ից աստիճանաբար անցել են կարգավորվող ռեժիմից շուկայական ռեժիմի։ Սկզբում, Ինչպես նշեց փոխնախարարը, շուկայական կարգավորման են անցել փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց մոտ լրացել է պետական երաշխավորված գնման ժամկետը։

Նրա խոսքով՝ տնային տնտեսությունները ցանկության դեպքում կարող են կամ անցնել շուկայական սակագներին կամ մնալ կարգավորվող գոտում։

Բիզնեսի մեջ բացառություն որոշել են անել Էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի համար։ Դրանց համար պայմանները նույնն են լինելու, ինչ տնային տնտեսությունների համար։ Դրա շնորհիվ նրանք կկարողանան ավելի հեշտ պահել հաշվառումը եւ ստիպված չեն լինի երկարաժամկետ պլանավորել էլեկտրաէներգիայի սպառումը։   

«Ավելին, եթե Հայաստանում հայտնվի Էլեկտրամոբիլների լիցքավորման խոշոր ցանց, եւ եթե այն համարի, որ շուկայական պայմաններով էլեկտրաէներգիա ձեռք բերելն իրեն ավելի ձեռնտու է, ապա նրան այդ հնարավորությունը կտրվի։ Այնուամենայնիվ, ոչ մի ճնշում չի գործադրվի»,-ասաց նա։