Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի անօդաչուների ներխուժումը Հարավային Կորեայի օդային տարածք ի ցույց է դրել երկրի զինված ուժերի անբավարար պատրաստվածությունը սպառնալիքների հանդեպ, տեղեկացրել է Yonhap-ը։

Գործակալության տեղեկացմամբ՝ երկրի կառավարության նիստի ժամանակ Յունը խոստացել է մեծացնել ռազմական դիտարկման եւ հետախուզման հնարավորությունները։

Ինչպես ընդգծել է նախագահը, այս դեպքը հստակ ցույց է տալիս, որ վերջին մի քանի տարիներին հարավկորեական բանակի պատրաստվածությունը զգալիորեն թուլացել է, եւ այն ավելի ուժեղ պատրաստվելու եւ զորավարժանքների կարիք ունի։

Յուն Սոկ Յոլն ավելացրել է, որ ավելի վաղ իշխանությունները նախատեսում էին ստեղծել ռազմական ստորաբաժանում՝ հետախուզական անօդաչուներով Հյուսիսային Կորեայում գործողություններ իրականացնելու համար, բայց հիմա այս նախաձեռնության իրականացումը կարագացվի։

Դեկտեմբերի 26-ին Հյուսիսային Կորեայի անօդաչուները ներխուժել էին Հարավային Կորեայի օդային տարածք՝ 2017-ից ի վեր առաջին անգամ։ Ի պատասխան՝ երկիրը օդ էր բարձրացրել կործանիչներ Հյուսիսային Կորեայի անօդաչուները որսալու համար։

Yonhap գործակալության տեղեկատվությամբ՝ հարավկորեացի զինվորականները յոթ ժամում մոտ 100 կրակոց են արձակել անօդաչուների ուղղությամբ, բայց թիրախները խփել, այնուամենայնիվ, չի հաջողվել։

Ավելի ուշ KBS հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչուներից մեկը կարող էր հասնել Սեուլում երկրի նախագահի նստավայրի շենքին եւ նկարահանումներ կատարել։