ԵՄ-ն եւ նրա դաշնակիցները հետաքննում են դեպի Ռուսաստանի հարեւաններ արտահանման կտրուկ աճը՝ փորձելով կանխել Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցներից ընկերությունների խուսափելը:

ԵՄ պատժամիջոցների նորանշանակ ներկայացուցիչ Դեւիդ Օ'Սալիվանը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ առեւտրի զգալի աճը հարցեր է առաջացնում այն մասին, թե չեն մտնում արդյոք երկիր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները «հետնամուտքով»:

«Մենք տեսնում ենք ԵՄ-ից Ռուսաստան առեւտրային հոսքերի զանգվածային կրճատում եւ երրորդ երկրների հետ առեւտրի անսովոր աճ, հատկապես Ռուսաստանին մոտ գտնվողների հետ»,- ասել է նա:

Օ'Սալիվանն առանձին երկրների անուններ չի տվել՝ ընդգծելով, որ ինքը ելել է «անմեղության կանխավարկածից», երբ խոսք է եղել առեւտրային հոսքերում փոփոխությունների հետաքննության մասին:

Ըստ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վերլուծության՝ Հայաստանն ու Ղրղըզստանն այն երկրների թվում են, որոնք արեւմտյան ներմուծման կտրուկ աճ եւ դեպի Ռուսաստան արտահանման աճ ունեն։ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան նույնպես կտրուկ աճել է։

ԵՄ-ն եւ գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, պատրաստվում են հինգշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ հետախուզական տեղեկություններ փոխանակել պատժամիջոցներից խուսափելու հնարավորության վերաբերյալ, քանի որ նրանք ձգտում են ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել, ասել է Օ'Սալիվանը:

Ռուսաստան ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի արտահանումները նախորդ տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կրճատվել են ավելի քան կիսով չափ՝ դեպի ինֆլյացիա միտումով՝ համեմատած 2017-19 թվականների միջին ցուցանիշիի հետ:

Բայց այդ անկումը համընկել է Եվրոպայից եւ ԱՄՆ-ից Հայաստան եւ Ղրղըզստան վաճառքների ավելի քան 80 տոկոս աճի հետ: Երկու երկրներն իրենց հերթին նույն ժամանակահատվածում ավելի քան կրկնապատկել են իրենց արտահանումները Ռուսաստան, ինչը վկայում է նոր ուղիներով առեւտրի հնարավոր վերաուղղորդման մասին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

ԵՄ-ից Կենտրոնական Ասիա ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսական տեխնիկայի եւ պոմպերի արտահանումն աճել է հիմնականում Ղազախստանի հաշվին, նշում է բանկը։

Առեւտրի կառուցվածքի փոփոխության հնարավոր պատճառներից մեկն այն է, որ արեւմտյան ընկերությունները կամավոր հրաժարվում են Ռուսաստան ուղղակի վաճառքից, նույնիսկ եթե ապրանքները չեն ենթարկվում պատժամիջոցների։

Սակայն, ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը նշել է, որ ավելացել է նաեւ այն ապրանքների հոսքը, որոնք «պոտենցիալ» կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ «ձեռնարկում է բոլոր միջոցները՝ կանխելու պատժամիջոցները [շրջանցելու] ցանկացած փորձ»: Ղրղըզստանի կառավարությունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:

Թուրքիան, որը փոխարինել է Մոսկվայի հին առեւտրային գործընկերներից ոմանց Ուկրաինայի պատերազմից հետո, անցյալ տարվա մայիսից հուլիս ամիսներին 2017-19 թվականների համեմատությամբ Ռուսաստան արտահանման 97 տոկոս աճ է գրանցել, ըստ ՎԶԵԲ-ի վերլուծության:

Յավորչիկը նշել է, որ ՎԶԵԲ-ի տվյալները չեն վկայում, որ Թուրքիայից Ռուսաստան ապրանքաշրջանառության աճը կապված է պատժամիջոցների ենթակա ապրանքների հետ։

Որոշ ներկրված ապրանքներ կարող են ունենալ երկակի նշանակություն: Պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց ուկրաինական բանակը սկսել է հայտնել, որ ռուսական ռազմատեխնիկայից իրենց առգրաված միկրոչիպերի մի մասը վերամշակվել է կենցաղային տեխնիկայից: Միաժամանակ կտրուկ աճել է կենցաղային տեխնիկայի արտահանումը ԵՄ-ից Ռուսաստանի հարեւան երկրներ։

Եվրոստատի տվյալների բազայի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին Ղազախստանը ԵՄ-ից ներմուծել է 1 միլիոն եվրոյի լվացքի մեքենաներ՝ չորս անգամ ավելի, քան դեկտեմբերին՝ մինչ ճգնաժամը։ Ղազախստանի ներկայացուցիչն իր հերթին նշել է. «Մենք չենք տեսել որեւէ ապացույց, որ Ղազախստանում կոնկրետ ընկերություններ օգտագործվում են արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, բայց մենք կշարունակենք վերահսկել դա եւ կգործենք արագ եւ վճռական, եթե որեւէ խախտում հայտնաբերենք»։

Չինաստանը նաեւ փորձում է լրացնել արեւմտյան արտահանումներից առաջացած բացը, այդ թվում՝ երկրին ավելի շատ կիսահաղորդիչներ մատակարարելով, ըստ Silverado Policy Accelerator-ի:

ԵՄ դեսպանները պատրաստվում են այս շաբաթ ստորագրել պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը ներառում է գործող ռեժիմի սողանցքերը փակելու մի շարք միջոցառումներ, ներառյալ Ռուսաստանի տարածքով այն ապրանքների տարանցման արգելքը, որոնք կարող են վերափոխվել ռազմական օգտագործման համար: