Հայաստանի արհմիություններն ունեն երկու կարեւոր գործիքակազմ՝ գործադուլի իրավունք եւ կոլեկտիվ բանակցություններ: Սակայն այս ամենը զուտ դեկլարատիվ բնույթ է կրում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Արհմիությունների ներկայացուցչի խոսքով՝ քանի դեռ դա հրամայական բնույթ չի կրել, այդ գործիքները չեն կարող ձեւակերպվել որպես սոցիալական գործընկերություն։
«Հայաստանում դա ավելի շուտ ինչ-որ մշակույթի ձեւավորման, քան օրենքի կիրառման հարց է»,-նկատեց Մանասերյանը:
Նա անդրադարձավ նաեւ օրենսդրական փոփոխություններին, որոնց համաձայն՝ Հայաստանում գործատուն այլեւս չի կարող աշխատանքից ազատել աշխատողին՝ վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով:
«Պետք է հեռուն նայել։ Մենք պետք է հասկանանք, թե որքանով է հնարավոր նպաստել երիտասարդների աշխատանքի տեղավորմանը, հատկապես հաշվի առնելով, որ հանրապետությունում առկա են կոնկրետ խնդիրներ ժողովրդագրության հետ կապված, ինչպես նաեւ խնդիրներ, որոնք կապված են երկրում երիտասարդներին պահելու եւ ուղեղների արտահոսքի հետ»,-ասաց նա։





























