Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի բժշկական կենտրոն եւ տեսակցել ավտովթարից տուժած դպրոցականներին եւ ուսուցիչներին եւ աշակերտներին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից։
Պաշտոնյաները շրջել են երեկվա ավտովթարից հետո ԲԿ-ում բուժում ստացող աշակերտների եւ ուսուցիչների հիվանդասենյակներում, զրուցել նրանց հետ, բժիշկներից տեղեկացել յուրաքանչյուրի առողջական վիճակի մասին։
Մարզպետը աշակերտներին նաեւ գրքեր ու այլ նվերներ էր տարել։
Նշենք, որ այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ եւ ավտոբուսի վարորդն են բուժում ստանում Կապանի ԲԿ-ում, մեկ հոգի տեղափոխվել է մայրաքաղաք։ Երեխաների վիճակը բավարար է, մեծերից երեքինը գնահատվում է ծանր, մեկ հոգի վերակենդանացման բաժանմունքում է։
Մինչ հիվանդանոց այցելելը Սյունիքի մարզպետարանում կայացած զրույցի ընթացքում նախարարը տեղեկացել է երեկվա վթարի մանրամասներին, քննարկել պատճառներն ու Օխտարի միջնակարգ դպրոցում կրթական գործընթացը կազմակերպելու նախընտրելի տարբերակը՝ մինչ մանկավարժների ապաքինումը։





























