Վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները Հայաստանի եւ Իրաքի միջեւ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ եւ կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար:

Կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստան են այցելել զարգացնելու խորհրդարանական մակարդակով փոխգործակցությունը:

Հյուրերը նշել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին: