Հայաստանում ուսուցիչների միջին եկամուտը կամավոր ատեստավորման արդյունքներով կազմել է 250 հազար դրամ: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվությունը, ասաց Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի կամավոր ատեստավորմանը մասնակցել է 5-12-րդ դասարանների 2329 ուսուցիչ։ Այժմ հավելավճար է ստանում 1090 ուսուցիչ։ Սա շահառուների ընդհանուր թվի 5,5 տոկոսն է։
«Կան նաեւ ուսուցիչներ, որոնք ստանում են առավելագույնը 450 հազար դրամ։ Կան նաեւ այնպիսիք, որոնց աշխատավարձը հասնում է մոտ 300 հազար դրամի»,-ասաց Անդրեասյանը։




























