Արցախից հարյուրավոր ընտանիքներ զրկված են հայրենիք վերադառնալու հնարավորությունից, Արցախ մուտք գործելն այժմ ընդհանրապես անհնար է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Երեկվա միջադեպը նա որակեց Ադրբեջանի հերթական ահաբեկչական պահվածքը, որը կրկին բացահայտեց Արցախից հայաթափմանն ուղղված էթնիկ զտումներ իրականացնելու իր քաղաքականության ողջ էությունը:
Նա պարզաբանեց, որ այդ մասին են վկայում Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Արցախը ժամանակավորապես լքած հայերին ներս չթողնելուն։
Ստեփանյանը հավելեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը:
«Բաքուն հերթական անգամ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը արգելափակված է՝ չնայած նրան, որ ադրբեջանցի պաշտոնյաները հակառակն են հավաստիացնում։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին է վկայում նաեւ միջազգային արձագանքը, այդ թվում՝ Հաագայի դատարանի որոշումը: Այս դեպքում չափազանց սուր է միջազգային հանրության անմիջական միջամտության հարցը, որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել նվազագույն կենսապայմաններով»,-ասաց նա։
Արցախի օմբուդսմենը տեղեկացրեց, որ մարդասիրական օգնությունը հաջողվում է իրականացնել միայն ԿԽՄԿ-ի եւ ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
«Մարդկանց տեղափոխումը նախկինում եւս հաջողվում էր իրականացնել միայն ԿԽՄԿ-ի եւ խաղաղապահների ուղեկցությամբ։ Իսկ հիմա Արցախ քաղաքացիների վերադարձի մասով Ադրբեջանի հետ որեւէ կառուցողական բանակցություններ վարել չի հաջողվում։ Արցախ մուտք գործելն այժմ ընդհանրապես անհնար է»,-նշեց նա։





























