Երեւանի իշխանությունները եւ երթեւեկության պատասխանատու կառույցները, իհարկե, ցանկանում են բարելավել իրավիճակը, ինչի համար շարունակաբար դիմում են տարբեր նորամուծությունների, որոնց նպատակը մայրաքաղաքի փողոցները թեթեւացնելն ու խցանումների թվաքանակը քչացնելն է։ Որոշ դեպքերում դա օգնում է, որոշ դեպքերում՝ ոչ այնքան։

Ավելին, կան դեպքեր, երբ սկզբից եւեթ ակնհայտ է, որ նորամուծությունը հաջողություն չի ունենալու։ Իհարկե, ակնհայտ է ոչ բոլորին, եւ ավելի լավ կիրառության արժանի համառությամբ գաղափարը կյանքի է կոչվում...

Մալաթիայի ճանապարհային ծանր իրավիճակի մասին NEWS.am-ը շատ է գրել։ Շրջանի բնակիչները հիանալի տեղեկացված են խնդրի մասին։ Նրանց, ովքեր տեղյակ չեն, հակիրճ հիշեցնենք։ Ավելի քան երեք տարի իրականացվում են աշխատանքներ Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակում։ Թե ինչու է մի քանի կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունն այսքան երկար ձգձգվել՝ թողնենք, որ մեկնաբանեն իրավասու մարմինները։ Պարբերաբար փակվել են մերթ մեկ, մերթ այլ փողոցները, այդ ամենն ուղեկցվել է վիթխարի եւ երկար ժամեր տեւող խցանումներով, եւ բնավ ոչ միայն պիկ ժամերին։

Վերջապես, շինարարությունը մոտենում է ավարտին։ Սակայն պարզվել է, որ նորամուծությունը թաղամասի բնակիչներին խոստանում է ոչ թե խցանումների վերացում, այլ ուղիղ հակառակը, եւ «գայթաքար» է դառնալու Անդրանիկի եւ Բաբաջանյան փողոցների օղակաձեւ խաչմերուկը։ Ի դեպ, ինչ փորձեր ասես, որ չեն կատարվել այդ խաչմերուկում։ Սկզբում խաչմերուկում լուսացույց էր տեղադրված։ Չգիտես ինչու կարծեցին, որ առանց լուսացույցի խցանումներն ավելի քիչ կլինեն։ Լուսացույցը հանեցին։ Խցանումներն ավելի քիչ չդարձան, իսկ ահա վթարները շատ անգամ ավելացան։ Պարբերաբար դրվում եւ հանվում էին գլխավոր ճանապարհի նշաներ, եւ այլն։

Իսկ հիմա ամենաաշխույժ տեղում հայտնվել է բետոնե եռանկյունաձեւ կառույց։ Եթե նախկինում աշխատանքի շտապող քաղաքացիները ձախ պտույտ կատարելով հայտնվում էին Իսակովի պողոտայում, իսկ այնուհետեւ՝ կենտրոնում կամ այլ շրջաններում, հիմա պետք է պտույտ կատարեն աջ, շրջադարձ կատարեն եւ հետո միայն շարունակեն ճանապարհը վերոնշյալ ուղղությամբ։ Ի հավելումն՝ անցումը նախատեսված է ոչ թե երկու, այլ մեկ մեքենայի, ավելի ճիշտ՝ մեկուկես մեքենայի համար, չնայած փողոցն ինքը երկգիծ է, ինչը բազմիցս ավելացնում է վթարների հավանականությունը։

Ակնհայտ է, որ նախաձեռնությունը թելադրված է Հյուսիս-Հարավ նախագծի «գերակայությամբ»։ Բայց ոչ ի հաշիվ, չէ՞, մի ամբողջ թաղամասի բնակիչների շահերի։ Թե որքան ծանրաբեռնված կլինի խճուղին՝ հայտնի չէ, բայց հաստատ հայտնի է, որ նոր շրջադարձի եւ փողոցը կրկնակի նեղացնող բետոնե կառույցի պատճառով խցանումներն անհամեմատ ավելի կշատանան։ Միակ խելամիտ, չնայած ծախսատար ելքը էստակադայի կառուցումն է Հյուսիս-Հարավ խճուղու վրայով, Անդրանիկի փողոցից դեպի Իսակովի պողոտա։ Դա նվազագույնի կհասցնի խցանումները  եւ ՃՏՊ-ների թիվը։ Իսկ առայժմ որոշվել է զոհաբերել մի ամբողջ թաղամասի բնակիչների շահերը։