ԵԽԽՎ-ն փաստել է, որ Ադրբեջանը խախտել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծելու ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 26-ի մամուլի ասուլիսում՝ խոսելով ԵԽԽՎ ընդունած բանաձեւի եւ հանձնարարականների մասին՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ դատարանը դեռ շարունակում է հայցի դիտարկումը խտրականության բոլոր տեսակների վերացման կոնվենցիայի շրջանակում։ «Այս համատեքստում արձանագրումը, որ միջանցքը փակ է, կարող է կարեւոր նշանակություն ունենալ։ ԵԽԽՎ-ն հանձնարարություն է տվել ԵԽ Նախարարների խորհրդին, դա վկայում է այն մասին, որ գործողությունները լինելու են հետեւողական, այսինքն՝ վեհաժողովը Նախարարների խորհրդից ստանալու է պարբերական զեկույցներ իրավիճակի մասին։ Ամենակարեւորն այն է, որ ԵԽԽՎ-ն փաստել է, որ Ադրբեջանը խախտել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծելու ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Վարդանյանը։