Վրաստանից Ռուսաստան եվրոպական արտադրության ավտոմեքենաների արտահանումը եւ վերարտահանումը շարունակվում են սովորական ռեժիմով, իսկ սահմանափակումը, հավանաբար, առայժմ ոչ պաշտոնապես վերաբերել է միայն Հայաստանից վերարտահանմանը։ Այս մասին «Կոմերսանտին» ասել է աղբյուրը Վրաստանի պրոֆիլային բիզնես-շրջանակներում՝ մեկնաբանելով հայ գործարարների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ եվրոպական մեքենաների արտահանման եւ վերարտահանման արգելքը Վրաստանով, որը պաշտոնապես ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 26-ին, գործում է արդեն այժմ։
Վրաստանի ավտոներմուծողների ասոցիացիայում պարբերականին ասել են, որ ՌԴ եվրոպական մեքենաների արտահանման եւ վերարտահանման արգելքի մասին ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կարգադրությունն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 26-ից, իսկ հիմա «այդ մեքենաների արտահանումը շարունակվում է սովորական կարգով»։
Ասոցիացիայի աղբյուրը չի բացառում, որ ռուս-վրացական սահմանի «Կազբեկ-Վերին Լարս» անցակետում խնդիրներ են առաջանում, եթե մեքենան վերարտահանվում է ոչ թե Վրաստանից, այլ Հայաստանից։ Չնայած որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որը կարդարացնի այս վերաբերմունքը, գոյություն չունի։
Մինչդեռ, Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում «Կոմերսանտին» հավաստիացրել են, որ գոյություն ունի մի ինչ-որ «ընտրովիություն» Հայաստանից ավտոմեքենաների վերարտահանման հարցում։
Մամուլի ծառայության աշխատակցուհին պարբերականին ասել է, որ արգելքը ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար ուժի մեջ է մտնում սեպտեմբերի վերջին, իսկ հիմա, «եթե հայ դիլերները չեն կարողանում մեքենան անցկացնել անցակետով, ապա հաստատ՝ այն սահմանափակումների հետ կապված, որոնք գործել են դեռ մինչեւ եկամուտների ծառայության կարգադրությունը եվրոպական մեքենաների արտահանման եւ վերարտահանման արգելքի մասին»։




























