Փորձում եմ պահել հավասարակշռությունս, կիրճից նայում ենք ջրվեժին, հենց նոր ինձ պատմեցին մի գեղեցիկ լեգենդ նրա մասին։ Չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում, ամեն բան սկսում է անհետանալ... Լսում եմ անհասկանալի խուլ ձայն եւ վիբրացիա զգում։ Տագնապ եմ զգում, թվում է՝ ինչ-որ տեղ ուշանում եմ։ Նորից վիբրացիա։ Հեռախոսի դինամիկները վատ են աշխատում, հազիվ լսում եմ մեղեդին, միայն վիբրացիան է հասկացնում, որ վեր կենալու ժամանակն է։ Փորձում եմ աչքերս բացել, զգացողությունն այնպիսին է, ասես դրանք սոսնձված են։ Եվ անմիջապես գալիս է միտքը՝ ինչո՞ւ առհասարակ համաձայնեցի գնալ Ջերմուկ։ Գոնե մի հինգ րոպե էլ քնեի։
Արդեն ճանապարհին հասկանում եմ, որ այսօր առաջին անգամ տեսնելու եմ քաղաք, որտեղ երբեք չեմ եղել։ Քաղաք, որի լոգոտիպը կարելի է տեսնել հանքային ջրերի շշերին բոլոր խանութներում, փոքրիկ Հայաստանում, որտեղ ամեն տեղ կարելի է հասնել ընդամենը մի քանի ժամում։ Ջերմուկը հանքային ջրերի առողջարան է, որը խորհրդային ժամանակներում Հայաստանի այցեքարտերից մեկն էր։ Քաղաք, որը 2022թ. սեպտեմբերին ենթարկվեց հարձակման Ադրբեջանի կողմից։ Տուժեցին ճոպանուղին, հանգստյան տներն ու հյուրանոցները։ Հիմա քաղաքը վերականգնվում է։

Ճանապարհը երկար չէր, բայց բավականաչափ, որպեսզի հասցնես լսել բոլոր սիրելի երգերն ականջակալներով, հիանաս լեռնային լանդշաֆտով եւ երազանքների գիրկն ընկնես։ Մեքենայից դուրս գալով՝ ես խոր շնչեցի։ Երեւանի տոթ եւ շոգ եղանակից հետո Ջերմուկի օդը ակնթարթորեն թափանցեց թոքերս՝ զգացողությունն այնպիսին էր, ասես մինչ այդ չէի էլ շնչում։
Քաղաքում լուռ էր, հանգիստ, եւ մարդիկ քիչ էին։ Լռությունն ինձ դուր է գալիս, ինչպես եւ դատարկ մայթերը, հիանալի հնարավորություն, որպեսզի հանգստանաս քաղաքի աղմուկից եւ մտքերդ կարգավորես... Բայց աղմուկի բացակայության պատճառները Ջերմուկում... Քաղաքում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է անցած տարվա սեպտեմբերյան իրադարձությունների պատճառով, ինչն իր բացասական հետքն է թողել՝ ազդելով քաղաքի զարգացման եւ տնտեսության վրա, քանի որ տեղի բնակիչների մոտ 85 տոկոսն աշխատում է սպասարկումների ոլորտում, օրինակ՝ քաղաքի հայտնի առողջարաններում։
Դասական խորհրդային առողջարանները պահպանել են իրենց արտաքին ճարտարապետական տեսքը, բայց ինտերիերն ավելի հարմարավետ ու էսթետիկական է դարձել, ընդլայնվել են սպասարկումները, ցանկացած հյուր հնարավորություն ունի ընտրելու իրեն հարմար բուժումը՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Առողջարաններից մեկի մոտ թվաց, թե հայտնվել եմ ծաղիկների դրախտում. ծաղիկների ողջ գունապնակը կար։

Ես սկսեցի լուսանկարել, երբ հանկարծ ինձ մոտեցավ առողջարանի այցելուներից մեկը՝ Լուսինեն, եւ խնդրեց իրեն լուսանկարել հեռախոսով։ Նա պատմեց, որ փորձում է տարեկան երկու անգամ առողջարան գալ՝ ուժերն ու եռանդը վերականգնելու համար, իսկ այս ծաղիկները բարձրացնում են իր տրամադրությունը եւ շատ ավելի բուժում, քան ցանկացած այլ բուժական միջամտություն։


Մյուս առողջարանի հյուրերից մեկը՝ իտալացի Դոմինիկոն, իր տպավորությունները պատմեց Հայաստանի եւ Ջերմուկի մասին։ Նա պատմեց, որ իրեն չափից շատ դուր են եկել տաք ջուրը, լանդշաֆտը եւ, ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրը։ Դոմինիկոն առաջին անգամ է Հայաստանում, նա եկել է այցելելու իր հայ ընկերոջը, որի հետ ծանոթացել է Բրազիլիայում, եւ որի հետ շրջագայել է երկրի մի քանի քաղաքներում, ներառյալ Ջերմուկը։ Նա ավելացրեց, որ այստեղ հանգստանում է իր սիրելի աղջկա հետ, որի հետ լուսանկարներ է անում, որպեսզի ընկերներին ցույց տա եւ խորհուրդ տա այցելել Հայաստան եւ Ջերմուկ։

Առողջարաններում հիացական արձագանքներ լսելով հանքային ջրերի մասին, որոնք համարվում են բուժիչ եւ խորհուրդ են տրվում անգամ այն մարդկանց, որոնք առողջական խնդիրներ չունեն, ցանկացա փորձել։ Ջուր խմելու համար հեռու գնալ պետք չէ, քաղաքի հենց կենտրոնում կա ըմպելասրահ՝ տարբեր ջերմաստիճանների հանքային ջրի հինգ աղբյուրներով՝ 30°C-ից մինչեւ 55°C։ Աղբյուրները գտնվում են հետաքրքիր ճարտարապետական շինությունում։ Հաճելի է բուժիչ ջուրը փորձել գեղեցիկ պայմաններում։


Նկատեցի, որ մարդիկ իրենց հետ հատուկ գավաթներ են բերում, որոնք նման են փոքրիկ թեյնիկների, որպեսզի դրանցով ջուր խմեն։ Ոմանք նույնիսկ ձեռքերն են մերսում այդ ջրով։ Կանխավայելելով՝ մոտեցա ամենաառաջին աղբյուրին եւ փորձեցի ջուրը, դեմքս ծամածռվեց։ Բավական անսովոր էր։ Ակնկալելով, որ մյուս աղբյուրն ավելի հաճելի կլինի համի տեսակետից՝ մոտեցա երկրորդին, ձեռքս մեկնեցի ու անմիջապես հետ քաշեցի. ջուրը ավելի տաք էր, քան առաջին աղբյուրում, բայց համն ավելի հաճելի էր։ Եզրակացությունը մեկն է՝ պետք է գտնես քո աղբյուրը։

Ըմպելասրահի կողքին երեկոյան բաց համերգ տեղի ունեցավ։ Ելույթ ունեցավ Երևանից հրավիրված ընտանեկան խումբը, որը կատարեց մի քանի հանրահայտ երգ։ Հետաքրքիր էր դիտել երգչուհուն, որը մեջընդմեջ նաեւ սրինգ էր նվագում։ Քաղաքի բնակիչները լսում էին ուշադիր, ոմանք անգամ ձայնակցում էին, բայց յուրաքանչյուր համարից հետո համեստ ծափահարություններ էին հնչում։ Գուցե դրանք ավելի ուժեղ կլինեին, եթե չլինեին դժվարությունները, որոնց բախվել է քաղաքն անցած տարի։ Չնայած դրան՝ վերջին ժամանակներս Ջերմուկում փորձում են ակտիվացնել մշակութային կյանքը. համերգներից բացի՝ կազմակերպվում են ցուցահանդեսներ, նկարչության, կավագործության արտ-վորկշոփներ եւ այլն։

Հետաքրքիր է համերգներին հետեւել սրճարանից, որը ջրի վրա է։ «Ի՞նչ է սա։ Կախարդանք Հոգվարթսից դո՞ւրս»,- կհարցնեք դուք։ «Դե չէ»,- կպատասխանեմ ես։ Սրճարանը ստեղծվել է Ջերմուկի «հրաշագործների» կողմից, տասնվեց հազար 1,5 լիտրանոց «Ջերմուկ» հանքային ջրի շշերի օգնությամբ, որոնք որպես լաստանավ են ծառայում։ Իսկ սրճարանում մատուցում են «սեւ հմակիլ» կամ պարզապես սուրճ, ոնց ուզում եք անվանեք, զգացողությունները դրանից չեն փոխվում։


Արդեն գիշերը, վերադառնալով հյուրանոց, հանկարծ հիշեցի, որ դեռ չեմ նայել Ջերմուկի գիշերային երկնքին, չէ՞ որ այն պետք է աներեւակայելի աստղալից լինի։ Ես հայացքս վեր հառեցի եւ այնպիսի երկինք տեսա, որը միայն Արցախում էի տեսել... Հիշեցի Uma2rman խմբի սիրելի երգի բառերը.
«Не опускай рук
Не закрывай глаз
Кто знает, а вдруг
Звёзды считают нас»…
(Մի իջեցրու ձեռքերդ,
Մի փակիր աչքերդ,
Ո՞վ գիտե՝ գուցե
Աստղերը հաշվում են մեզ...)։
Ես մտածում էի, որ մի աստղ կընկնի, եւ ես կկարողանամ ցանկություն պահել, բայց այդպես չեղավ։ Վշտանալն իմաստ չուներ. ինձ ասացին, որ Ջերմուկում կան հատուկ տեղեր ցանկություններ պահելու համար։ Մենք գնացինք այնտեղ հաջորդ օրը։ Առաջինն, ինչ տեսա, հսկայական կամարն էր, որն անվանում են Երջանկության կամ բախտի կամար, որով պետք է անցնել, որպեսզի ցանկությունդ կատարվի։ Դժվար էր մի երազանք ընտրել, բայց ես հնարավորություն ունեի էլի մի ցանկություն պահել ժայռախորշերում, որոնց մասին ևս մի հետաքրքիր առասպել կա։

Այդ ժայռախորշերը սրբավայր են համարվում։ Մարդիկ գնում են այնտեղ աղոթելու, ցանկություն պահելու, սուրբ ջուր խմելու եւ հանգստություն փնտրելու։ Լեգենդի համաձայն՝ խորշերը ձիու պայտերի հետքերն են։ Լեգենդն ասում է, որ մի ձիավոր ասպետ, պատահաբար ժայռից վայր ընկնելով, ողջ է մնացել խոր կիրճում, վայրի գազանների մեջ, որտեղից դուրս գալ չի կարողացել։ Ասպետն սկսել է աղոթել, ինչից հետո ձին փրկել է նրան՝ ժայռով վեր բարձրանալով՝ իր պայտերի հետքերը հավերժ թողնելով այդ ժայռերում։


Առաջինն, ինչ զգացի, էներգիան էր, որը, գուցե, կուտակվել էր մարդկանց ցանկություններից եւ աղոթքներից։ Շուրջը սրբապատկերներ են, գրքեր, խաչեր եւ փոքրիկ քարեր ժայռի պատերին։ Պարզվում է, ցանկություն պահելու համար պետք է գետնից վերցնել ցանկացած քար, երեք անգամ շփոլ պատին, ինչից հետո քարը կմնա ժայռի վրա, իսկ ցանկությունը կկատարվի։ Իմ քարը մնաց երկրորդ անգամից։ Տեսնես երազանքս կկատարվի՞։

Ջերմուկի ժայռերը միայն ցանկություն չէ, որ կատարում են, այլեւ հնազանդվում են պրոֆեսիոնալ լեռնագնացներին, ինչպես նաեւ բարձրությունը «վերցնել» ցանկացողներին։

Անգամ փոքր երեխաներն են գալիս այստեղ, որպեսզի փորձեն ժայռը բարձրանալ, իսկ ես ուժերիս կասկածեցի եւ այդպես էլ չփորձեցի։ Հիմա գիտեմ, թե ինչի համար եմ ափսոսալու, երբ վերադառնամ Երեւան։

Մեր վարորդը՝ Արմենը, մեր հետեւից եկավ ցերեկը։ Նա առաջարկեց, վերադառնալուց առաջ, դիտել Ջերմուկի հայտնի ջրվեժը բարձր կիրճից։
10 րոպե էլ չէր անցել, երբ մենք արդեն տեղում էինք։ Նեղ արահետով անցնելով, որը երկու կողմից խիտ բուսականությամբ էր պատված, դաղվելով եղինջներից, ես տեսա «Ջրահարսի մազերը» թռչնի թռիչքի բարձրությունից։ Մի քանի վառ գունային կոնտրաստ, հոգիդ պարուրող բարձրություն եւ, վերջապես, աղմկող ու անսովոր ջրվեժ, որը տեսա առաջին անգամ։ Առհասարակ ջրվեժ առաջին անգամ էի տեսնում։



Փորձում եմ պահել հավասարակշռությունս, կիրճից նայում ենք ջրվեժին, հենց նոր ինձ պատմեցին մի գեղեցիկ լեգենդ նրա մասին, թե ինչպես է թագավորի աղջիկը, որի սիրտը պատկանում էր սովորական հովվի տղային, աշտարակից պարանն իջեցնում, որպեսզի նա կարողանա գալ իր մոտ։ Թագավորը, որը դեմ էր նրանց միությանը, տեսնելով պարանը, անիծեց աղջկան՝ ասելով, որ եթե մի անգամ էլ հանդիպի հովվին, ջրահարս կդառնա եւ այլեւս երբեք ջրից դուրս չի գա։ Հորը չլսելով՝ աղջիկը արձակում է իր երկար մազերը, որպեսզի տղան կարողանա բարձրանալ, բայց այդ պահին հոր անեծքը կատարվում է՝ աղջիկը ջրահարս է դառնում, իսկ նրա մազերը վերածվում են ջրվեժի, որը մարդիկ անվանում են «Ջրահարսի վարսեր»։

Ես ուսումնասիրում եմ ջրվեժը, իրոք որ, վարսեր է հիշեցնում, դա է նրա արտասովորությունն ու ունիկալությունը։ Այդպիսին է ամբողջ Ջերմուկը՝ նման չէ մյուս քաղաքներին, սեպտեմբերյան իրադարձություններից հետո վիրավոր, բայց տոկուն ու կանգուն, ազատ ու հավերժ, ինչպես այս ջրվեժը, որը գեղեցիկ բազմակետ է դրել, բայց հաստատ՝ ո՛չ վերջակետ Ջերմուկ կատարած իմ փոքրիկ ուղեւորությունում։ Դեռ էլի տեղեր կան, որոնք պետք է այցելել Հայաստանի այս փոքրիկ, ժամանակավորապես մի քիչ ամայացած, բայց շատ արժեքավոր, ներդաշնակ տարածաշրջանում։


Տեքստը եւ լուսանկարները՝ Էլիզա Կրիկորյանի




























