Նախկինում բոլոր թաղապետերն ունեին բյուջե, նրանք բոլորից լավ գիտեն բնակիչների խնդիրները, բայց չունեն միջոցներ, որ աջակցեն բնակիչներին. քաղաքապետարանից վերադարձրեք թաղապետներին իրենց բյուջեն, որը նախկինում կար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Նոր Նորքում քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ նրան դիմելով ասաց բնակիչներից մեկը:

«Երկրորդը, ոչ մի քաղաքապետ չի ունեցել քաղաքացիների ընդունելության օր»,-հավելեց նա:

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Փոխքաղաքապետն ունեցել է եւ ես ամեն երկրորդ հինգշաբթի օրը ունեցել եմ ընդունելություն բոլոր երեւանցիների համար: Դա արել եմ բոլոր վարչական շրջաններում, նաեւ Նոր Նորքում»:

Մեկ այլ կին էլ նկատեց. «Դուք աշխատում եք, բայց միջին օղակը չի աշխատում, դուք հրամանը տալիս եք, նրանք չեն աշխատում: Շատ բարձիթողի վիճակ է, ոռոգման ջրի մասին, Սեւանը եթե օվկիանոս էլ լինի, էս ժողովրդին չի հերիքի, որովհետեւ բաց է թողնում Նանսենի այգին ջրելու, ջուրը օրերով հոսում է»: