Ինչպես գրում է Autocar-ը, Hyundai ընկերությունը մոդելի հաջորդ սերնդում հավաք Bayon քրոսովերը ավելի մեծ և արտահայտիչ մինի-ամենագնացի կվերածի։
Ավտոմեքենան ավելի երկար, ավելի բարձր և ավելի լայն կդառնա, ավելի անկյունային դիզայն կստանա և առաջին անգամ կհամալրվի հիբրիդային ուժային համակարգով։ Այսպիսով արտադրողը մտադիր է Bayon-ը ավելի հստակ տարանջատել հարակից i20 հեչբեքից։

Autocar-ի հաղորդմամբ՝ նոր մոդելը կկատարվի Hyundai-ի Art of Steel անվանումը կրող դիզայներական հայեցակարգին համապատասխան։ Այն թափքի ավելի հստակ գծեր, արտահայտված եզրագծեր և անկյունային ձևեր է ենթադրում, որոնք պետք է ընդգծեն ավտոմեքենայի ամենագնացային բնույթը։
«Ներկայիս Bayon-ը չափազանց նման է հնգադռնանի i20-ին»,- պարզաբանել է Hyundai-ի եվրոպական դիզայնի ստորաբաժանման ղեկավար Էդուարդո Ռամիրեսը։ Ըստ նրա՝ ընկերությանն անհրաժեշտ էր ավելի հստակ սահմանազատել երկու մոդելները․ Bayon-ը պետք է երևա որպես հավաք ամենագնաց՝ ավելի ամուր և արտահայտիչ բնավորությամբ, մինչդեռ i20-ը կմնա սովորական հեչբեք։

Փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն արտաքինին։ Hyundai-ն միաժամանակ մտադիր է մեծացնել սրահի տարածքը, հատկապես՝ հետևի շարքի ուղևորների համար։ Անվաբազան կաճի 20 մմ-ով և կհասնի 2,6 մ-ի։ Հետևի նստատեղերը կկարողանան զբաղեցնել երկու դիրք՝ ուղղահայաց և թեթևակի թեքված։ Միջին տեղը հնարավոր կլինի փոխակերպել՝ այն վերածելով բազկաթոռակի՝ գավաթակալներով մյուս ուղևորների համար։ Բեռնախցիկի ծավալը կկազմի 440 լ։
Առջևի վահանակը կստանա ավելի մեծ Hyundai Ioniq 5 էլեկտրամոբիլից փոխառված էկրաններ։ Միևնույն ժամանակ նոր մոդելը չի աջակցի Pleos օպերացիոն համակարգին, որն օգտագործվում է ապրանքանիշի որոշ ավելի նոր ավտոմեքենաներում։ Հետևաբար անլար կապով լրացուցիչ հավելվածներ տեղադրել և ծրագրային ապահովման թարմացումներ ստանալ չի հաջողվի։ Անլար Apple CarPlay-ն և Android Auto-ն կմտնեն ստանդարտ համալրման մեջ։

Վաճառքի մեկնարկին Bayon-ը կառաջարկվի 1 լիտր ծավալով երեք մխոցանի բենզինային տուրբոշարժիչով՝ երկու տարբերակով՝ 89 և 113 ձիաուժ հզորության։ Երկու շարժիչներն էլ կհամակցվեն վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի կամ յոթաստիճան երկկցորդիչ «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ։

Ավելի ուշ կհայտնվի մոդելի պատմության մեջ առաջին հիբրիդային տարբերակը՝ 136 ձիաուժ հզորությամբ։ Ինչպես նշել է Hyundai-ի եվրոպական արտադրանքի ստորաբաժանման ղեկավար Քրիստոֆեր ՄըքՔինոնը, հենց հիբրիդային ուժային համակարգը տեղավորելու անհրաժեշտությունն էր ավտոմեքենայի չափերի մեծացման պատճառներից մեկը։ Մասնավորապես՝ ինժեներները ստիպված են եղել երկարացնել առջևի կախված մասը։




























