Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ռուսաստանցիներին արգելված է Եվրամիության երկրներ մուտք գործել ՌԴ-ում գրանցված անձնական ավտոմեքենաներով, քանի որ դա կդիտարկվի որպես արգելված ներմուծում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պարզաբանումները:

«Կարեւոր չէ՝ տրանսպորտային միջոցն օգտագործվում է մասնավոր կամ առեւտրային նպատակներով, եթե այն ներառված է XXI հավելվածում թվարկված մաքսային ծածկագրերում (ներառյալ 8703 ծածկագիրը), ծագում է Ռուսաստանից կամ արտահանվում է Ռուսաստանից: Դա նշանակում է, որ տրանսպորտային միջոցը կարող է օգտագործվել մասնավոր կամ առեւտրային նպատակներով: Ամենից հաճախ դա վերաբերում է այն տրանսպորտային միջոցներին, որոնք ունեն ռուսական համարանիշներ եւ գրանցված են Ռուսաստանում»,-ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովում նաեւ ընդգծել են, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ներկրման ժամկետը եւ դրա ժամանակ օգտագործվող մաքսային ընթացակարգը նշանակություն չունեն:

Բացի այդ, Եվրահանձնաժողովի պարզաբանումների համաձայն, ռուսաստանցիներին արգելվում է ժամանակավորապես իրենց հետ բերել իրեր, որոնց ներմուծումը Ռուսաստանից ԵՄ երկրներ արգելված է:   

2023 թվականին ռուսները Գերմանիա մուտք գործելիս սկսել են բախվել անձնական մեքենաների կալանումների հետ։ Առաջին նման դեպքերի մասին հայտնի է դարձել մայիսի վերջին։ Հուլիսին Գերմանիայի մաքսային ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանից ԵՄ ուղեւորատար ավտոմեքենաների ներմուծումն արգելված է։