Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ համաձայնեցվել են Ակնա-Ստեփանակերտ եւ Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործման պայմանները։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Trend-ը, այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ինչպես հայտնի է, այսօր Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հետ համատեղ ապահովվել է Կարմիր խաչի ռուսական ընկերության (ԿԽՌԸ) բեռնատար ավտոմեքենայի անցումը Աղդամ (Ակնա)- Խանքենդի (Ստեփանակերտ) Ստեփանակերտ։ Փաստը, որ բեռը հասցվել է հենց Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, մենք գնահատում ենք որպես դրական քայլ եւ կարեւոր տեղաշարժ այդ ճանապարհի բացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ եւ Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը, ինչպես նշել է Ադրբեջանը ԱՄՆ եւ այլ գործընկերների հետ բարձրամակարդակ շփումների ընթացքում, ապա Բաքուն տվել է իր համաձայնությունն այդ երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել բեռների փոխադրման համար ԿԽՄԿ-ի միջոցով, «Լաչին» անցակետով՝ սահմանապահ եւ  մաքսային ընթացակարգերի պահպանմամբ, զուգահեռաբար օգտագործելով Ակնա-Ստեփանակերտ» ճանապարհը»,- նշվել է Այհան Հաջիզադեի հաղորդագրությունում։