Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը  հայտնել է, թե չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու։ Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ նույնականացնելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերն այն փաստի հետ, որ սահմաններին որոշակի լարվածություն կա, որ ադրբեջանական զորքերի կուտակում կա, անում է նմանատիպ հայտարարություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում իր ելույթում շեշտեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Սա այնքան է կրկնվել, որ այլեւս ծիծաղելի էլ չի: Հետո էլ, պարո՛ն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, որ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել և վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև  բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ,  ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ  մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։

Այնպես որ, պարոն Մամիջանյան, էդ ձեր կանչերը ու SMS-ները պահեք միայն ու բացարձակապես սեփական ընթերցանության համար:

Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա:

Ու եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժին, քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին իշխանության գալ արյուն թափելով ու դա երբեւէ ձեզ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ շատ մեծ հիասթափություն է սպասվում: Այս ելույթը կարող եք թարգմանելու վայբերով հետ ուղարկել»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:

Իսկ արդեն ԱԺ ամբիոնից իր ելույթում նա դիմել էր ԱԺ պատգամավորներին, ասելով որ իր ասածների մասին մտածելու ժամանակ դուք դեռ ունեն. «Հիմա կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Նոյը չի, տապան չունի: Չեմ կարծում, որ այստեղ նստածներից բոլորդ են պատրաստ դառնալ անկախ Հայաստանի Հանրապետության վերջին գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- ասել էր նա:

Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման. Հայկ Մամիջանյան