Հայաստանում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է,. եւ դա լավ լուր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեւանում պարեկային ոստիկանությունն արդեն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Արդեն Երեւանում առաջին էլեկտրական շարժիչով ավտոբուսն է դուրս եկել երթուղի: Մենք պայմանավորվել ենք, որ Երեւանում պարեկային ոստիկանության համար հետագայում մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Հետո փորձնական կկիրառենք նաեւ մարզերում: Այս պահին դժվարություններ կան լիցքավորման հետ կապված, որովհետեւ կան գործիքներ, որոնք շատ արագ՝ 30-40 րոպեում լիարժեք լիցքավորում են մարտկոցները: Այսօր մեր քաղաքացիները հիմնականում իրենց տների վարդակներից են գիշերային ժամերին լիցքավորում, որն ավելի երկար է տեւում: Շուկան վստահաբար այս հարցը կկարգավորի»,-ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ 2021-2022 թվականների ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում  կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է  լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Հարկ է նշել, որ ՀՀ տարածքում գործող լիցքավորման կայանների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ plugshare.com  կայքում հասանելի քարտեզի միջոցով։

Նշենք, որ այսօր կառավարությունը ավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծման եւ օտարման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող կարգավորումը եւս մեկ տարով երկարաձգել: