Թեժ քաղաքական աշուն, զանգվածային հանրահավաքներ, քաղաքական պայքարի լարում երեւանյան հերթական աշնանն առանձնապես չի նկատվում:

Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ հասարակությունը միանշանակ գնահատական տվեց նոր հզոր հանրահավաքային ալիքի բարձրացնելու  արտախորհրդարանական ընդդիմության փորձին:

«Այս գործընթացների նկատմամբ պասիվությունն ու անվստահությունն ապացուցում են, որ այդ մեթոդներով ու լեզվով այլեւս հնարավոր չէ վարել քաղաքական պայքար, հասնել որեւէ հաջողության: Անընդմեջ նստացույցը փորձություն էր կոնկրետ քաղաքական ուժի համար: Այն թույլ տվեց հասկանալ, թե ինչ մեթոդներով ու ռեսուրսներով այդ ուժը կմասնակցի իրադարձությունների հետագա զարգացմանը», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ակտիվ հանրահավաքային ալիքի բարձրացմանը ձախողումը հանրապետական պատգամավորը բացատրում  է այսպես. «Քաղաքական գործընթացները որակական փոփոխության են ենթարկվել: Հնացած մեթոդներով սրել քաղաքական պայքարը անհնար է: Այսօրվա քաղաքական գործընթացներն այլ հարթությունում են: Այդ պատճառով մեր ընդդիմադիր գործընկերների սպասելիքները շուրջօրյա նստացույցից չարդարացան ու չեն  արդարանա»:

Արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցները հրապարակավ հիասթափություն չեն դրսեւորում` շարունակելով մեծ տեղ տալ զանգվածային միջոցառումներին. հերթական հանրահավաքը նշանակված է հոկտեմբերի 28-ին:  

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ «աշունը երկար է եւ դեռ չի ավարտվել, ներկայացված է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջ, իսկ հոկտեմբերի 28-ին կներկայացվի գործողությունների ծրագիր»:

Վերլուծաբաններն ընդունում են, որ երկրի քաղաքական կյանքում առկա է հարաբերական լարվածություն, որը պայմանավորված է արտախորհդարանական ընդդիմության գործունեությամբ եւ իշխանական ճամբարում հնարավոր վերախմբավորումներով: Աշունը նախընտրական է. խորհրդարանի ընտրություններին մնում է մոտ կես տարի:

ՀԱԿ-ի շուրջօրյա գործողությունների անհաջող ավարտի վերաբերյալ քաղաքագետ Երվան Բոզոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ` այստեղ կան մի շարք գործողններ: ՀԱԿ-ի ղեկավարություն պետք է հետեւություններ անի սխալներից, այլապես ՀԱԿ-ի վարկանիշն ավելի կընկնի: Գործոններից մեկն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռազմավարությունն այլես համոզիչ չէ իր հետեւորդների զգալի հատվածի համար, իսկ երկխոսությունն անհասկանալի էր ՀԱԿ-ի աջակիցների հիմնական մասի համար: Երկխոսության փակուղուց հետո շատերը մտածեցին, որ ռազմավարությունը ձախողվել է: Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ նշել է, որ հրաժարվել է ծայրահեղական ուղուց` ծագեց ճգնաժամ ՀԱԿ-ի հետագա գործողություններում: Այդ ճգնաժամի հետեւանքը մենք տեսնում ենք այսօր»:

Վերջին հանրահավաքներում Տեր-Պետրոսյանը վերադարձրեց սուր հռետորությունը, սակայն դա չհանգեցրեց միտինգավորների թվի աճի: Ասուլիսներց մեկում Արամ Մանուկյանը խոստովանեց, որ երկխոսության պատճառով բազմաթիվ կողմնակիցներ են կորցրել: 

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ավելի ստույգ կանխատեսումներ անելը, թերեւս, վաղաժամ է, իսկ չկայացած թեժ քաղաքական աշունը սահուն կանցնի նախընտրական արշավի, եթե տեղի չունենան անսպասելի քաղաքական իրադարձություններ: