Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը «զենքի է վերածում» ամեն ինչ՝ սննդից և էներգիայից մինչև առևանգված երեխաներ Ուկրաինայի դեմ պատերազմում, և համաշխարհային առաջնորդներին զգուշացրել է, որ նույնը կարող է պատահել նրանց հետ, հայտնում է Associated Press-ը։
Նա մատնանշել է պատերազմի ազդեցությունը վառելիքի և պարենի մատակարարումների վրա և ընդգծել, որ Ուկրաինայի տվյալներով՝ ռուսական ներխուժումից հետո առնվազն տասնյակ հազարավոր երեխաներ խլվել են իրենց ընտանիքներից։
«Այս երեխաներին Ռուսաստանում սովորեցնում են ատել Ուկրաինան, և նրանց ընտանիքների հետ բոլոր կապերը խզված են։ Եվ սա ակնհայտորեն ցեղասպանություն է»,- ասել է Զելենսկին։
Մարտին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մեկ այլ պաշտոնյայի ձերբակալության օրդեր է տվել՝ մեղադրելով նրանց Ուկրաինայից երեխաների առևանգման մեջ։ Ռուս պաշտոնյաները հերքել են երեխաների հարկադիր տեղափոխությունը՝ ասելով, որ որոշ ուկրաինացի երեխաներ խնամակալ ընտանիքներում են:





























