Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում ասել է, որ երկխոսությունն այլեւս արդիական չի համարում, եւ քանի դեռ կոնգրեսը չի վերանայել իր տեսակետը, հնարավոր չի լինի երկխոսությունը շարունակել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական պատգամավոր, ՀԱԿ-իշխանություն բանակցություններում  կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:

«Մենք եղել եւ մնում ենք այն տեսակետի կողմնակիցը, որ ցանկացած խնդիր ներքաղաքական դաշտում ամենաարդյունավետ լուծումը կարող է ստանալ երկխոսության ճանապարհով:

Այդ տեսակետը ունենալով` մենք չենք կարող պարտադրել ընդդիմության մեր գործընկերներին մտածել մեր պես: Իսկ իրենք, կարծում եմ, պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը»,- նշել է պատգամավորը: Ընդ որում, վերջինիս խոսքով, իրենք բավական լիբերալ են եղել տվյալ հարցում, եւ ի տարբերություն կոնգրեսի արմատական տրամադրված չեն եղել. «Մեր ողջ պահվածքը դա էր վկայում»:

Գագիկ Մինասյանը, սակայն երկխոսության սկսվելու նախադրյալներ չի տեսնում, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում իր ելույթի 15-րդ կետում նշել է, թե «ոչ միայն երկխոսությունը, այլեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն այլեւս ակտուալ չեն»: