Թուրքիայի պատմաբանների ընկերակցությունը նամակ է հղել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, եւ առաջարկել «չեզոք» մասնագետների մասնակցությամբ սկսել պատմաբանների ենթահանձնաժողովի աշխատանքները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայկ Դեմոյանը:
«Բայց այս պարագայում պետք է հիասթափեցնել հակառակ կողմին, որ գնացքը վաղուց գնացել է: Այս պահի դրությամբ թրքական այդպիսի առաջարկ չի քննարկվի հայկական կողմից: Մենք ասել ենք, որ եթե ուզում են նման քննարկում, մենք օրակարգում կդնենք միայն մեկ հարց` Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը: Այլ հարց մենք չենք կարող քննարկել:
Ժամկետների շուրջ որեւէ առաջարկի մասին խոսք չկա, որովհետեւ ես տեղեկություն կամ առաջարկ չունեմ այդ հարցում»,- նշեց Հայկ Դեմոյանը:
Ի դեպ, ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը դրված էր հայ-թուրքական արձանագրություններում, որոնք առ այսօր վավերացված չեն:
Հարցին, թե ինչի՞ հիման վրա են թուրքերը նման առաջարկ անում, եթե արձանագրությունները չեն վավերացվել, Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Հենց դա է, որ ուզում են վագոնը շոգեքարշից առաջ դնել: Այսինքն, ասում են` եկեք քննարկենք, հետո հանձնաժողովը կլինի, կամ չի լինի: Իրենց խորամանկությունը բացահայտ են ասում: Եթե արձանագրությունները տապալվում են, իրենց հետ թաղում են նաեւ այդ գաղափարը: Իրենք չեն ուզում, որ մեռնի այդ գաղափարը, եւ հանել են արձանագրություններից ու ուզում են դա աշխատեցնել: Խորամանկությունը դրա մեջ է»,- նշեց Դեմոյանը եւ հավելեց. «Խայծն էլ դրել են նրա մեջ, թե իբր Չիչեքը «ֆանտաստիկ» գործ է գրել` ցեղասպանությունը հերքող, հիմա էլ ասում են` տղա եք, եկեք հերքեք»:
Հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է նման քննարկումների, եթե նման կառույց ստեղծվի, Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ այդպիսի քննարկումը տեղին է: Այդպիսի ցանկացած ձեւաչափ թրքական կողմը փորձելու է եւ հաստատ կփորձի իր սեփական շահից ելնելով ներկայացնել: Երկրորդը, եթե խոսքը վերաբերում է պատմաբանների քանակին կամ ունակություններին, չեմ գտնում, թե դա կարեւոր է, որովհետեւ առավել կարեւոր է փաստագրական բազան: Այն, ինչ մինչ այժմ ուսումնասիրված է եւ մենք ունենք ձեռքի տակ: Այս առումով ես որեւէ խնդիր չեմ տեսնում»:




























