13-րդ դարի Վաճառի Սուրբ Ստեփանոս եկեղեցին արժանացել է Գանձասարի վանական համալիրի ճակատագրին, այդտեղ նույնպես իրականացվել է նորոգում` առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի պատմական- ազգային արժեքնեչի հուշարձանների պահպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը:
Նրա խոսքով, իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով, իր ղեկավարած ենթահանձնաժողովում ստեղծված մասնագիտական հանձնախումբն այցելել է Գանձասարի վանական համալիր եւ Վաճառի Սուրբ Ստեփանոս եկեղեցի:
«Մասնագետներից կազմված հանձնախումբը տեղում ուսումնասիրել է այդ հուշարձանների վերանորոգման ընթացքը: Ինչպես բազմիցս ասվել է Գանձասար վանական համալիրի պարիսպը երեսպատվել է, իսկ 13-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին նորոգվել է մասնակի, ինչի արդյունքում հանվել է խորանը, եկեղեցու քարերն էլ տեղում չեն»,- նշեց Ասրյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կատարված ուսումնասիրությունների առնչությամբ մասնագիտական հանձնախումբն առաջիկայում կհայտնի իր կարծիքը, այդ հարցերը Հանրային խորհրդի նիստում քննարկելուց եւ միասնական որոշում կայացնելուց հետո: Բացի այդ, մանսագիտական հանձնախմբի եզրակացությունը կներկայացվի այդ հարցով շահագրգիռ մարմիններին` Մշակույթի նախարարությանն ու Մայր Աթոռին:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել է Գանձասարի վանքի շրջապարսպի տրավերտինե սալիկներով երեսպատման խնդրին:




























