Արեւմուտքի եւ Ադրբեջանի իշխանություննեի միջեւ կապերը կարող են կրկին խզվել, իսկ դրա պատճառն այն է, որ Արեւմուտքը դժգոհ է Ադրբեջանից, որովհետեւ վերջինս չի կատարում կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, հաղորդում է «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Արեւմտյան շրջանակներում պաշտոնական Բաքվի առջեւ հստակ խնդիր են դրել. եթե նա ցանկանում է արդարացիորեն պայքարել կաշառակերության դեմ, ապա պետք է առաջին հերթին սկսի իշխանական համակարգից:

Ըստ այդմ, նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունն ինքը մասնակից է կաշառակերությանը, քանզի այն ղեկավարում է ավելի քան 15 տարի: «Այդ պատճառով կառավարությունը պետք է ամբողջ կազմով հրաժարական տա, եւ ձեւավորվի նոր կառավարություն ամբողջովին նոր կազմով: Այնուհետեւ, Արեւմուտքը գործադիր օղակներում կանցկացնի բարեփոխումներ, իսկ վերջնական նպատակը կլինի նախագահի ներկայացուցիչների լիազորությունների նվազեցումը»,-գրում է «Պոլիգոնը»:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ Արեւմուտքը ցանկանում է Ադրբեջանում ստեղծել այնպիսի քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտ, որ առաջիկա ընտրությունները լինեն շատ ավելի թափանցիկ ու բաց:

Միաժամանակ «Պոլիգոնը» նշում է, որ արեւմտյան շրջանակների առաջադրած պահանջներն Ադրբեջանում համարում են անարդարացի, քանզի նման խնդիրներ չեն դրվում հարեւան Վրաստանի եւ Հայաստանի վրա: Ադրբեջանի ցուցաբերած ընդդիմության հետեւանքով լրջորեն լարվել են հարաբերությունները Արեւմուտքի հետ, իսկ դա կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ: