Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածու Ֆրանսու Օլանդը հարգանքի տուրք է մատուցել 1961թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում զոհված ալժիրցիների հիշատակին: Օլանդը ծաղկեպսակ է դրել Կլիշիի կամրջին, որտեղ 50 տարի առաջ Մորիս Պապոնի կառավարության մտցրած պարետային ժամի դեմ երթերի ժամանակ մոտ հարյուր ալժիրցիներ սպանվեցին ոստիկանության կողմից, մի քանիսը Կլիշիի կամրջից նետվեցին Սենան եւ մահացան: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը:
Օլանդը հայտարարել է, որ երկար ժամանակ այդ իրադարձությունները քողարկված էին պատմական շարադրմամբ եւ կարեւոր է հիշել այդ փաստերի մասին:
Լիոնել Ժոսպենի կառավարությունը գաղտնազերծել էր այդ իրադարձություններին վերաբերող արխիվները, սակայն Ֆրանսիայի պետական պատասխանատվության մասին մինչեւ այսօր ոչինչ չի ասվել:
Նկատենք, որ Ֆրանսու Օլանդը եւս խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Օրինագիծն արգելափակվել է Ֆրանսիայի Սենատում:




























