Եթե 2010-ին ցորենի արժեքի վրա զգալիորեն ազդեց Ռուսաստանի ժամանակավոր բացակայությունը շուկայում, ապա այս տարվա հուլիսից Ռուսաստանն առատ բերքի շնորհիվ դարձյալ խոշոր արտահանողների շարքում է: Հայաստանի համար Ռուսաստանը ցորենի գլխավոր առաքիչն է:
Սեպտեմբերին համաշխարհային շուկայում նկատվել է ցորենի գնի նվազում: Եթե անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Չիկագոյի ապրանքային բորսայում մեկ տոննա ցորենի միջին գինը 260 դոլար էր, ապա այս տարի 225 դոլարի մակարդակի է:
Ռուսական արտահանման 4-րդ կարգի ցորենի գինը Նովորոսիսկ եւ Տուապսե նավահանգիստներում նավի վրա 240 դոլար է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի Ագրարային շուկայի կոնյունկտուրայի ինստիտուտի փորձագետ Օլեգ Սուխանովը հայտարարեց, որ ցորենի մաքսատուրք սահմանելու հավանականությունը մեծ է, սակայն արտահանման մեծ մասը կիրականացվի մինչեւ տարեվերջ, իսկ 2012թ. հունվար-հունիսին կարտահանվի միայն 5-6 միլիոն տոննա: Եթե մաքսատուրքը մտցվի հաջորդ տարվա ապրիլին, ապա գնի վրա մեծ ազդեցություն չի ունենա:
Սուխանովը հայտնեց նաեւ, որ այս տարվա բերքի զգալի մասը ցածրորակ ցորենն է: Բարձր որակի ցորենը կազմում է 7-10 տոկոս, իսկ երրորդ կարգի ցորենը` 15 տոկոս:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Մանանա Գրեյն» ներմուծող ընկերության գլխավոր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը նկատեց, որ ռուսական ցորենի պահանջարկը կարող է նվազել: «Թուրքիան, որը ռուսական ցորենի խոշոր ներմուծող է, այս տարի ունի սեփական առատ բերքը», – նշեց Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում այս տարի սպասվում է 18,5 միլիոն տոննա բերք, ինչ 9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդուամենայնիվ, Ռուսաստանի դիրքերը մնում են ամուր, այդ թվում արաբական երկրների խոշոր շուկաներում:

























