Անցած հանգստյան օրերին  մի խումբ մարդիկ հարձակվել են խոշտանգումներից մահացած զինվորի ընտանիքի վրա, հաղորդում է թուրքական «Today’s Zaman»-ը:

Խումբը զինված  է եղել դանակներով, քարերով, փայտերով եւ հարձակվել է Ստամբուլի Էմնիեթ շրջանում գտնվող զոհված զինվորի` Ուգուր Կանտարի ընտանիքի տան վրա:

Կանտարի հարազատները` հայրը, քեռին, 80-ամյա պապը  փորձել են կանգնեցնել խմբին, սակայն ծեծի են ենթարկվել:  Հարձակման արդյունքում տուժած ընտանիքի անդամները տեղափոխվել  են  հիվանդանոց:

Ընտանիքը  բողոք է ներկայացրել հարձակվողների նկատմամբ` քրեական գործ հարուցելու համար: Ըստ Taraf-ի`  ընտանիքին զարմացրել է այն փաստը, որ հարձակվողներից երեքը ձերբակալվել, իսկ հետո բաց են թողնվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ստամբուլի ռազմական բժշկական Գյուլհանե ակադեմիայում հոկտեմբերի 13-ին 80 օր կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել է «վերադասների» կողմից ծեծի ենթարկված զինվորը:

Ուգուր Կանտարը, ով իր պարտադիր զինծառայությունն անցել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում, զորացրումից մի քանի օր առաջ ենթարկվել է խոշտանգտումների:

Զինվորական դատախազությունն  սկսել է հետաքննությունը` նրան խոշտանգողներին բացահայտելու համար: Զինվորի հայրը  հայտնել  է, որ իր որդին դաժան ծեծի է ենթարկվել, նրան սովահար են արել եւ երեք օր շարունակ  թույլ չեն տվել ծարավը հագեցնել, նրան կապել են աթոռին եւ ժամեր շարունակ թողել արեւի տակ:

Զինվորական դատախազությունում տեղեկացրել են, թե արդեն հարցաքննել են 37 զինծառայողի, հետաքննությունը շարունկվում է:

Կանտարի համար ռազմական պատշաճ հուղարկավորություն չի իրականացվել, քանի որ նրա մահը նահատակություն չի համարվել: Հուղարկավորությանը մասնակցել են իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներ, զինվորի հարազատներն ու ընկերները: