Հայաստանի ոստիկանությունն առ այսօր չի ստացել սեպտեմբերի 6-ին Արարատ քաղաքում սեփական երեխաներին կախելու միջոցով սպանած Ռոզա Ալոյանի դատահոգեբուժական եզրակացությունը: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դատահոգեբուժական փորձաքննությունը դեռ չի ավարտվել, եզրակացությունը դեռ չկա: Վարչության աշխատակից Սեւակ Միլիտոնյանը հայտնեց, որ Ռոզա Ալոյանը դեռեւս գտնվում է հոգեբուժարանում: Ոստիկանությունում նաեւ չգիտեն եզրակացության շուրջ մեկուկես ամիս ուշացման պատճառները: Նշենք, որ միայն այդ եզրակացության հիման վրա հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք մեղսունա՞կ է Ռոզա Ալոյանը, թե` ոչ:
NEWS.am-ը նաեւ փորձեց տեղեկություններ ստանալ Ոստիիկանության Արարատի բաժնից, սակայն բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը կտրականապես հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնել հարուցված քրգործի վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռոզա Ալոյանը Նուբարաշեն հոգեբուժարանում մեկ անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Նա ներկայումս գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության ներքո, եւ արվում է ամեն ինչ` նրան ինքնավնասելու հնարավորությունից զրկելու համար:
Նշենք, որ Արարատի մարզի 34-ամյա բնակչուհի Ռոզա Հակոբի Ալոյանը սեպտեմբերի 6-ին կախելու միջոցով սպանել էր իր երեխաներին` 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյաններին:
Նախաքննությամբ պարզվել էր, որ Ռոզա Ալոյանը, սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, ինքը միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:
Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վարդան Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:
Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը:
Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան: Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեխաների դիակները, ապա ձերբակալել էին Ռոզա Ալոյանին:




























