Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նախնական քննություն է սկսել 2008թ. մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումների հայցով: Հայցը Եվրոպական դատարան է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը NEWS.am-ին հայտնեց, որ Եվրոպական դատարանը հարցերի շարք է ուղարկել Հայաստանի կառավարությանը: Գործադիրը պետք է մինչեւ 2012 թվականի հունվարի 27-ը ներկայացնի իր պատասխանը, թե որքանով են արդարացված եղել արտակարգ ռեժիմի պայմաններում լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումները:

Կառավարությունից հետո իր հիմնավորումները կներկայացնի նաեւ հայցվորը:

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ իրենք իշխանությունների ապօրինի գործողությունները վիճարկող հայցեր էին ներկայացրել դատարաններ, եւ բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո 2008թ. դեկտեմբերին դիմել են Եվրադատարան: Հայցում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պահանջում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցիայի 10-րդ հոդվածին (Ազատ արտահայտվելու իրավունք) հակասող ճանաչել Ռոբերտ Քոչարյանի որոշումը, նաեւ ճանաչել հայաստանյան դատարանների կողմից արդար դատաքննության իրավունքի խախտումը (Կոնվենցիայի 6-րդ հոդված):

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Եվրադատարանի լսումներից, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ «քանի որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել կոմունիկացիա (նախնական լսումներ-խմբ.) սկսել, ուստի ակնկալիքները քիչ չեն»:

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ ռեժիմ մտցրեց Երեւանում` փաստացի կասեցնելով անկախ մամուլի  գործունեությունը: