Թուրքիան պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկով փորձում է ձգձգել հարցի լուծումը, որպեսզի որեւէ այլ երկրի խորհրդարան չկարողանա իր կարծիքն արտահայտել Ցեղասպանության վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքական պատմագիտական ընկերության առաջարկը պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծվելու մասին:

«Թուրքիան իրավունք չունի նման առաջարկ անելու, որովհետեւ նախքան հանձնաժողով առաջարկելը պետք է գոնե իր պատմաբաններին խոսքի ազատության իրավունք տրամադրի: Ոչ մի թուրք պատմաբան, նույնիսկ եթե գտնի, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, չի կարող բարձրաձայն դրա մասին արտահայտվել»,- նշեց պատմաբանը եւ հավելեց. «Մենք տեսել ենք, թե նման արտահայտություններ արած թուրք պատմաբաններն ինչ բախտի են արժանացել: Թաներ Աքչամը ստիպված բնակվում է Միացյալ Նահանգներում, եւ միայն վերջերս է նրան մուտքի իրավունք տրվել»:

Ըստ Շաքարյանի, ընդհանուր առմամբ այս առաջարկը միանշանակ ուղղված է հարցի ձգձգմանը, որ «այլ երկրի խորհրդարան չկարողանա իր կարծիքը արտահայտել Ցեղասպանության վերաբերյալ, որպեսզի իրենք ասեն` մենք հարցը քննարկում ենք հայերի հետ, եւ մի խոչընդոտեք»:

Ընդ որում, փորձագետի կարծիքով, հարցի լուծումը հնարավոր չէ բերել վերջնաժամկետի: «Եթե հանձնաժողովում կան 6-7 հոգի, եթե անգամ թուրք պատմաբանները համոզվում են, որ եղել է ցեղասպանություն, վերջին պահին կարող են փոխել իրենց կարծիքը: Մենք ունենք նման դառը օրինակ` հայ-թուրքական հայտնի հանձնաժողովը Դեյվիդ Ֆիլիպսի նախագահությամբ, երբ նրանք դիմեցին Անցումային արդարադատության խորհրդին եւ հստակ պատասխան տվեցին, որ դեպքերը համապատասխանում են ցեղասպանություն հասկացությանը, թուրքերը միանգամից դուրս եկան հանձնաժողովից: Պատմությունն իրենն ասում է»,- ամփոփեց Արտակ Շաքարյանը: