Մասնագետները հաստատել են, որ ռուս հոկեյիստներին տեղափոխող ՅԱԿ-42 օդանավի վթարի ենթարկվելու պատճառը եղել է օդաչուի սխալը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Հոկտեմբերի 18-ին, Մերձմոսկվայի Ժուկովի շրջանում օդաչուն փորձել ճշգրտությամբ, նույն պայմաններով կրկնել թռիչքը, ինչպես վթարի ենթարկված ՅԱԿ-42-ն է կատարել: Կրկնելով ՅԱԿ-42-ի օդաչուներից մեկի գործողությունները, փորձն իրականացնող օդաչուն թափ հավաքելու ժամանակ արգելակել է: Արդյունքում, օդա բարձրանալու պահին, օդանավի ղեկի թեքությունը հասել է 13 աստիճանի: Նման արգելակման համար բավական ջանքեր են հարկավոր եղել: Մեկ այլ փորձարկում ցույց է տվել, որ եթե այդ պահին օդաչուն պարզապես հրաժարվեր օդանավը կառավարելու մտքից, թռիչքը հաջող կլիներ, գրում է Lenta.ru-ն:
Այս փորձարկումների արդյունքները ներառվել են աղետի պատճառների վերաբերյալ զեկույցում:
Օդանավը, որով թռչում էր հոկեի «Լոկոմոտիվ» թիմը, կործանվել էր սեպտեմբերի 7-ին՝ Յարոսլավլի մարզում։ Կործանումից հետո 45 մարդուց կենդանի էր մնացել մեկը՝ բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
























