Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ ռացիոնալ է համարում այս փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս գալը իշխող կոալիցիայից: Այդ մասին Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսում:

Քաղաքագետի կարծիքով, կոալիցիայից դուրս գալը կզրկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը շատ գործիքներից, ինչը հատկապես զգայուն կլինի ընտրությունների նախաշեմին: Քաղաքագետը թերահավատորեն է վերաբերվում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դառնալու հավանականությանը: Նման իրավիճակ նախկինում եւս եղել է: «Բարգավաճ Հայաստանը» տեղեր է ցանկանում խորհրդարանում, իսկ երբ միայն խնդրելը բավարար չէ` երբեմն անհրաժեշտ է լինում սպառնալ, ասել է Իսկանդարյանը:

Ստեղծված իրավիճակին Ռոբերտ Քոչարյանի առնչությունը քաղաքագետը բացառել է` հիշեցնելով, որ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին աղմուկը բարձրացրել են թերթերը, իսկ ամեն ինչ սկսվել է Քոչարյանի մի հարցազրույցից, որտեղ նա ոչ մի սենսացիոն հայտարարություն չէր էլ արել:

«Ոչ մի հիմք չունեն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», - նկատեց Իսկանդարյանը` ավելացնելով, որ Քոչարյանն առնչություն ուներ նաեւ Հանրապետական կուսակցության կայացմանը, բայց դա չի նշանականում, որ նա ղեկավարում է ՀՀԿ-ն:

Իսկանդարյանն այս փուլում քիչ հավանական է համարում ՀԱԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունը, քանի որ դժվար է պատկերացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցուցակում կլինի երկրորդը Գագիկ Ծառուկյանից հետո:

Իսկանդարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է իր պնդումը, որը Հայաստանում չկա իշխանության կուսակցություն: Նրա կարծիքով, իշխանությունում միավորվել են տարբեր խմբեր` կուսակցական անվանումներով: Հանրապետական կուսակցության ներսում եւս կան մրցակցող խմբեր, իսկ ընտրություններից առաջ այդ մցրակցությունը սրվում է:

«Այն ինչ այսօր տեղի է ունենում միշտ է եղել», - նկատեց քաղաքագետը: Իսկանդարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ն կստանա 50 տոկոս գումարած մեկ ձայն, ինչը կկազմի մոտ 70 մանդատ: