Մոսկվայում հատուկ ջոկատայինների օգնությամբ, ոստիկանությունը ձերբակալել է ոստիկանի սպանության մեջ կասկածվող Ադրբեջանի 40-ամյա քաղաքացի Ջանփոլադ Վելի Օղլու Բուդաղովին, ով մարտական ուշուի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչ:

Հատկանշական է, որ սպանված ոստիկանն ազգությամբ հայ Սամվել Մեհրաբովն է:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը, Սամարայի «Վոդոպադ» («Ջրվեժ») սրճարանում: Սամվել Մեհրաբովն իր հարազատների ու ընկերների հետ նշելիս է եղել հոր 50-ամյակը: Հանկարծ հարեւան սեղանի մոտ ծեծկռտուք է սկսվել: 25-ամյա Սամվելը, թեեւ պարտականությունների կատարման մեջ չի եղել, որոշել է բաժանել կռվարար այցելուներին, բայց նրանք այնքան հարբած են եղել, որ չեն գիտակցել, թե ով ով է: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է դանակն ու հարվածել ոստիկանին: Վիրավորին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաջորդը օրը նա մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` «սպանության» եւ «Խուլիգանության» հոդվածներով:

Հանցագործը լքել է Սամարայի մարզը: Հոկտեմբերին նա ժամանել է Մոսկվա, որտեղ էլ հենց ձերբակալվել է: Ադրբեջանցին խոստովանական ցուցմունք է տվել եւ Մոսկվայից տեղափոխվել է Սամարա: