Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման մեջ: Այս մասին ռուսական «Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ հարաբերութունները եւ նրա քաղաքականությունը տարածաշրջանում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հարավային Կովկասում ՌԴ-ն կարեւորագույն դերակատարություն ունի. այն լուրջ ջանքեր է գործադրում այստեղ խաղաղության ու բարեկեցության հաստատման ուղղությամբ: Ռուսաստանի նախագահին ես շնորհակալ եմ այն բանի համար, որ նա անձամբ է ներգրավվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործընթացում: Ժամանակին՝ 1994 թվականին, ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը նույնպես հնարավոր դարձավ հենց ռուսական միջնորդության շնորհիվ:
Իսկ ընդհանուր առմամբ, մենք համարում ենք, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման մեջ: Որպես ՀԱՊԿ գծով դաշնակիցներ` մենք պարբերաբար խորհրդակցում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության հարցերով: Երկկողմ մակարդակում մենք սերտ համագործակցում ենք` մեր երկրների զինված ուժերի փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախորդ տարի ստորագրվեց արձանագրություն, որով երկարաձգվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետն ու ընդլայնվեց նրա ռազմավարական պատասխանատվության շրջանակը»:
Ինչ վերաբերում է այսօր հայ-ռուսական տնտեսական համագործակցության մասշտաբներին, ՀՀ նախագահը նշել է. «Ռուսաստանի հետ Հայաստանին կապում է ռազմավարական սերտ գործընկերությունը, այդ թվում` տնտեսական ոլորտում: Այսօրվա դրությամբ ստորագրվել են 80 միջպետական համաձայնագրեր ու պայմանագրեր: Մենք արդյունավետ համագործակցում ենք բազմակողմ ձեւաչափերով, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Մենք մի շարք համատեղ խոշոր նախագծեր ենք իրականացնում էներգետիկայի, տրանսպորտի ու հեռահաղորդակցության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռուսաստանը Հայաստանի կարեւոր առեւտրային ու ներդրումային գործընկերն է: Փաստերն ինքնին խոսուն են. Հայաստանում գործում են ռուսական կապիտալի մասնակցությամբ մոտ 1500 ընկերություններ, տարեկան ներդրումների ողջ ծավալի մեկ երրորդը բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը: Երկու երկրների առեւտրային հարաբերությունները նույնպես պետք է գնահատել կայուն զարգացող: Նախորդ տարի մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար:
Սրանով, իհարկե, փոխադարձ շահավետ գործընկերության հնարավորությունները չեն սպառվում: Համագործակցության ներուժը շատ ավելի լայն է, եւ ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում դրա լիարժեք օգտագործման համար»:
Դիտարկմանը, թե Հայաստանում ռուսերենին տիրապետողները գնալով քչանում են, Սերժ Սարգսյանը նշել է, որ լեզուների իմացությանը Հայաստանում առանձնակի հարգանքով են վերաբերում, հիշեցնելով, որ Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է աշխարհում, որտեղ դեռեւս միջին դարերից սկսած ամեն տարի Թարգմանչաց տոն է նշվում:
«Մենք բարձր ենք գնահատում մեր հումանիտար կապերը. համատեղ մշակութային, կրթական, գիտական նախագծերը գտնվում են երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում: Մենք նշանակալից ջանքեր ենք ներդնում մեր երկրների երիտասարդության միջեւ կապերի ընդլայնման համար: Այս իմաստով էական դեր ունեն ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհուրդն ու հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Ավանդաբար ռուսերենը մեզ համար եղել է պատուհան դեպի աշխարհը, որի միջոցով մենք շփվել ենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս երկրների ու մշակույթների հետ: Հուսով եմ եւ հավատացած, որ այդ հարստությունը մենք երբեք չենք կորցնի: Ընդհանրապես ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է գերազանց տիրապետի իր մայրենի լեզվին եւ եւս երկու օտար լեզուների: Հայկական դպրոցներում լեզուների դասավանդման հիմքում այս տրամաբանությունն է ընկած, իսկ ռուսերենին ու ռուս գրականությանը հատուկ ուշադրություն է դարձվում»:

























