Մինչեւ 2014 թ., գուցեեւ ավելի շուտ` «Դվին» հյուրանոցը կկառուցվի, այսօր` հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Այս լավատեսության հիմքը «Դվինի» սեփականատերերի ստանձնած նոր պարտավորություններն են, ըստ որի` պայմանագրով սահմանված ներդրումները չիրականացնելու դեպքում պետք է վճարվեն տույժեր չկատարված ներդրումների 10 տոկոսի չափով:

Հիշեցնենք, որ 2003 թ. հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել: 

Ա. Սահակյանի տեղեկացմամբ` նախկին պայմանագրում սահմանված էր միայն ներդրումների չափը, տույժեր ու տուգանքներ չկային:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2014 թ. հետո կառավարությունն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով բռնագանձել «Դվին» հյուրանոցը, եթե, այնուամենայնիվ, «Դվինը» կառուցված չլինի: