Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այսպիսի կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր` հոկտեմբերի 19-ին կայացած մամլո ասուլիսում:

Նրա խոսքով` ելույթներում դեռեւս կան սպառնալիքներ, բայց դրա հետ մեկտեղ ի հայտ է եկել նոր հռետերաբանություն, այն է` Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար վտանգ են ներկայացնում, այսինքն ենթադրվում է, որ հայկական կողմը կարող է խախտել զինադադարը: 

Քաղաքագետը նշեց, որ կողմերին` Ադրբեջանին եւ Հայաստանին,  իրականում նաեւ Լեռնային Ղարաբաղին, որը մեծ ազդեցություն ունի, հաջողվում է պահպանել հավասարակշռությունը: Այս համատեքստում Իսկանդարյանը նկատեց, որ  Ադրբեջանի սպառնալիքներին լուրջ չի վերաբերում: Նրա խոսքով` այն խոսակցություններին, թե իբր կհարստանանք, զենք կգնենք, կվերադարձնենք Ղարաբաղը, լուրջ փորձագետները երբեք կարեւորություն չեն տվել: Ինչպես ընդգծեց քաղաքագետը, իրավիճակը պատերազմի հավանականություն չի ենթադրում:

Ադրբեջանական լրատվամիջոցների` հայկական փամփուշտներից պաշտպանվելու նպատակով պատի շինարարության մասին տարածած տեղեկատվության վերաբերյալ  Իսկանդարյանն ասաց, որ չգիտի, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը: Բայց մի բան է, երբ խոսում են զենք գնելու մասին, այլ` երբ սկսում են պատ կառուցել, նկատեց քաղաքագետը:

Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ` ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանին` Ճրագլի գյուղի մոտ, արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ եւ 3 մ բարձրությամբ պատ: Աղդամի շրջանի Քարվանդ գյուղից պատը կձգվի մինչեւ Տերտերի շրջանի գյուղերը: