Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, այսօր` հոկտեմբերի 19-ին, հայտարարել է, որ իր երկիրը «ոչ մի ցանկություն եւ մտադրություն չունի»  միավորվելու Մաքսային Միությանը կամ «Ռուսաստանի հովանու ներքո»  ստեղծված Եվրասիական Միությանը, փոխանցում է «ВЗГЛЯД» թերթը:

«Մենք մտադիր ենք մտնել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կազմ: Նրանց արժեքները եւ սկզբունքները համապատասխանում են մեզ»,- ասել է նա:

Հոկտեմբերի 3-ին, «Իսվեստիա» թերթում լույս էր տեսել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հոդվածը` նվիրված Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության հիմքի վրա Եվրասիական Միություն ստեղծելուն:  Ըստ նրա`  այս նոր միությունը չի դառնա  ԽՍՀՄ-ի պատճենը, այլ կկազմավորվի նոր արժեքների հիմքի վրա: Հայաստանն արդեն հավանություն է տվել այս գաղափարին:

Բելառուսի նախագահը Պուտինի այս հայտարարությունն անվանել է «իսկական իրադարձություն»:  «Ռուսաստանը երկար տարիներ անց առաջին անգամ առանց երկիմաստության հայտարարեց այն պետությունների հետ հարաբերությունների առաջնայնության մասին, որոնց հետ, մեջբերելով դասականին, դուրս է եկել խորհրդային ընդհանուր շինելից», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: