Հայաստանում շրջանառության մեջ է դրվել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծը` ուղղված պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նրա խոսքով` օրենքի նախագիծը մշակվել է վարչության մասնագետների ջանքերով, առանց արտասահմանցի փորձագետների մասնակցության եւ պետբյուջեի լրացուցիչ ֆինանսավորման:
Ներկայում ոլորտը կարգավորվում է սեփականաշնորհման (մասնավորեցման) օրենսդրությամբ եւ կառավարության որոշումներով: Ըստ Ա. Սահակյանի` ետխորհրդային տարածքում նման օրենքներ չկան:
Օրենքը փորձելու է կարգավորել պետական գույքի կառավարման հետ կապված հարաբերությունների ողջ համակարգը: Մասնավորապես` օրենքով կսահմանվի, որ դպրոցներն իրենց ազատ տարածքները կարող են օգտագործել միայն մշակութային, մարզական եւ կրթական նպատակներով:




























