Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում ցամաքային եւ օդային գործողություններ են սկսել: Սա  թուրք ոստիկանների վրա քուրդ ապստամբների հարձակման պատասխան քայլն է,  փոխանցում է Trend.az-ը` վկայակոչելով Haber7  հեռուստաալիքը:

Ինչպես հայտնի դարձավ,  հարձակումից  հետո ապստամբները թաքնվել էին Իրաքի տարածքում:

Թուրքիայի ռազմաօդային ուժերըօդային  հարվածներ են հասցնում Քրդստանի բանվորական կուսակցության  (ՔԲԿ)  դիրքերին հյուսիսային Իրաքում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶԼՄ-ների տվյալներով` Հաքարիում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած թուրք ոստիկանների վրա քուրդ ապստամբների  գրոհի հետեւանքով զոհվել են անվտանգության ուժերի 26 աշխատակիցներ, եւս 22 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ:

Քրդական բանվորական կուսակցության անդամները կրակել են գավառի Իրաքի հետ սահմանի անցակետերի վրա, հարձակումները կատարվել են միաժամանակ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է մեկնումը:

Թուրքիայի նախարարների կաբինետի շենքի դիմաց, հոկտեմբերի 19-ին, տարերային ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները բողոքում են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբների կողմից թուրք զինծառայողների վրա հարձակում գործելու դեմ: