Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խոստանում է, որ քուրդ ապստամբների կողմից սպանված թուրք զինծառայողների վրեժը «շատ դաժան» կլինի, հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶԼՄ-ների տվյալներով` Հաքարիում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած թուրք ոստիկանների վրա քուրդ ապստամբների  գրոհի հետեւանքով զոհվել են անվտանգության ուժերի 26 աշխատակիցներ, եւս 22 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ:

Քրդական բանվորական կուսակցության անդամները կրակել են գավառի Իրաքի հետ սահմանի անցակետերի վրա, հարձակումները կատարվել են միաժամանակ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է մեկնումը:

Թուրքիայի նախարարների կաբինետի շենքի դիմաց, հոկտեմբերի 19-ին, տարերային ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները բողոքում են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբների կողմից թուրք զինծառայողների վրա հարձակում գործելու դեմ:

Իսկ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում ցամաքային եւ օդային գործողություններ են սկսել:  Haber7 հեռուստաալիքի տվյալներով` հարձակումից  հետո ապստամբները թաքնվել էին Իրաքի տարածքում: Թուրքիայի ռազմաօդային ուժերըօդային  հարվածներ են հասցնում Քրդստանի բանվորական կուսակցության  (ՔԲԿ)  դիրքերին հյուսիսային Իրաքում: