Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների վարչապետները Մաքսային միությանը Ղրղըզստանի միանալու որոշում են կայացրել: Այս մասին հայտնել է այդ երկրի վարչապետի  պաշտոնաատար Օմուրբեկ Բաբանովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին  «Իզվեստիա» թերթում լույս էր տեսել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հոդվածը` նվիրված Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության հիմքի վրա Եվրասիական Միություն ստեղծելուն:  Ըստ նրա`  այս նոր միությունը չի դառնա  ԽՍՀՄ-ի պատճենը, այլ կկազմավորվի նոր արժեքների հիմքի վրա: Հայաստանն արդեն հավանություն է տվել այս գաղափարին:

Բելառուսի նախագահը Պուտինի այս հայտարարությունն անվանել է «իսկական իրադարձություն»:  «Ռուսաստանը երկար տարիներ անց առաջին անգամ առանց երկիմաստության հայտարարեց այն պետությունների հետ հարաբերությունների առաջնայնության մասին, որոնց հետ, մեջբերելով դասականին, դուրս է եկել խորհրդային ընդհանուր շինելից», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Իսկ  Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն հոկտեմբերի 19-ին հայտարարել է, որ իր երկիրը «ոչ մի ցանկություն եւ մտադրություն չունի»  միավորվելու Մաքսային Միությանը կամ «Ռուսաստանի հովանու ներքո»  ստեղծված Եվրասիական Միությանը:

Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 18-ին  Սանկտ Պետերբուրգում կայացած  հանդիպման ընթացքում պայմանագիր են ստորագրել ազատ առեւտրի գուտու մասին` 10 տարվա աշխատանքից հետո: Համաձայնագիրը, սակայն, հրաժարվել են ստորագրել Ադրբեջանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենիան: