Դոնի Ռոստովի դատարանը պետական դավաճանության համար դատապարտել է ռուսական բանակի նախկին զինծառայող Դավիթ Ալիեւին: Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ալիեւին մեղավոր են ճանաչել Վրաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ եւ 10 տարվա ազատազրկման են դատապարտել: Ալիեւի մայրը,  ով օգնել է որդուն գաղտնի տեղեկություններ փոխանցել, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալ Ալիեւները մեղադրվում են հարավային ռազմական շրջանի ռուսական զորամասերի մասին Վրաստանի հատուկ ծառայություններին  տվյալներ հաղորդելու մեջ:

Հետաքննությունը տեղեկություններ ունի, որ լեյտենանտ Դավիթ Ալիեւը գաղտնի տվյալներ է հավաքել շրջանի զորքերի մասին եւ փոխանցել մորը` Իրինա Ալիեւային, որն էլ Վրաստանի հետ միջնորդն է եղել:

Ալիեւները մեղադրվում են ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով` («Պետական դավաճանություն լրտեսության միջոցով»):