Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Կոնգրեսի նախագահ Կիթ Ուիթմորի (Keith Whitmore) ու գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի (Andreas Kiefer) այսօր` հոկտեմբերի 19-ին, Ստրասբուրգում կայացած հանդիպմանը:
NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ կոնգրեսի ղեկավարները նկատեցին, որ Հայաստանում տեղական մակարդակով արդեն իսկ ձեւավորված է գործուն համակարգ, եւ հետագա քայլերը պետք է նպատակաուղղվեն դրա առավել կատարելագործմանը: Ա. Գեւորգյանն անդրադարձել է կատարված աշխատանքներին եւ խոսել առաջիկա անելիքների մասին` ընդգծելով, որ դրանք ուղղված են լինելու տեղական ժողովրդավարության ամրապնդմանը եւ տարածքների համաչափ զարգացմանը: Հետագա բարեփոխումների միջոցով նախատեսվում է ընդլայնել համայնքների հնարավորությունները` միաժամանակ բարձրացնելով ՏԻՄ-երի պատասխանատվությունն ու կարողությունները: Այդ ուղղությամբ մի շարք քայլեր իրականացվել են` օրենսդրական փոփոխությունների միջոցով կատարելագործվել եւ բարելավվել է տեղական հարկերի վարչարարությունը, բացահայտվել են սեփական եկամուտների ռեզերվներ` ընդլանելով համայնքների կարողությունները, սակայն դեռեւս շատ են անելիքները:
Նշվեց, որ տեղական ժողովրդավարության ամրապնդման, ՏԻ համակարգի արդյունավետության բարձրացման եւ ապակենտրոնացված կառավարման խորացման ուղղությամբ լուրջ առաջընթացի հիմքեր կարող է ստեղծել ԵԽ-ի հետ համագործակցության նոր` 2011-2014թթ. քառամյա ծրագիրը: Կոնգրեսում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված` յուրաքանչյուր երկրի մասով եռամյա կտրվածքով կպատրաստվի տեղական ժողովրդավարության վերաբերյալ մոնիտորինգային զեկույց։ Հայաստանի վերաբերյալ զեկույցը նախատեսվում է 2012թ-ին:




























