Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բացառում է որեւէ ռազմական գործողություն պաշտոնական Թբիլիսիի կողմից` «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ հակամարտությունների լուծման» նպատակով: Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, այս մասին նա հայտարարել  Ceska televize 24-ին տված հարցազրույցում:

«Որովհետեւ մենք խելագար չենք, մենք երբեք խելագար չենք եղել»,- նշել է նա:

Սահակաշվիլին համարում է, որ ռազմական զարգացումը այլընտրանք չէ, քանի որ «Ռուսաստանը Վրաստանի համեմատությամբ, անհամեմատ մեծ է»: «Օկուպացված տարածքներում նրանք ունեն հրետանի, հրթիռներ, գրեթե ամեն ինչ, այդ թվում օդանավեր: Միակ բանը, որ նրանք այնտեղ չունեն, դա միջուկային զենքն է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

«Ռուսներն այնտեղ ամեն ինչից ավելի շատ ունեն, քան պետք է Վրաստանի նման փոքր երկրի վրա հարձակվելու համար: Նրանք նաեւ հոգեբանական ահաբեկչության են դիմում: Օրինակ, երբ էլ ես Թբիլիսիի օդանավակայանից որեւէ տեղ եմ մեկնում, ես տեսնում եմ, որ ռուսական հակաօդանավային պաշտպանության տեսափնտրման դաշտում եմ: Նրան ամբողջական պատրաստության վիճակում են: Մենք արդեն սովորել ենք ապրել նման մթնոլորտում եւ մեզ համար դա անսովոր չէ: Վլադիմիր Պուտինը Սարկոզիի եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ հանդիպումներում նշել է, որ ինձ կախելու է շուկայում: Պուտինը երբեք չի կատարում իր խոստումները, բայց սպառնալիքները` կատարում է»,- հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Ռոսբալտ»-ը: