Ռոդենի քանդակի տեղի հարցը դեռեւս վերջնական չէ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում, ի պատասխան քաղաքացիներից մեկի դժգոհության, որը վերաբերում էր նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված Ռոդենի արձանի տեղադրման վայրին, գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Մասնավորապես, քաղաքացին դժգոհել է, որ այդ հրաշալի գործը անմատչելի է քաղաքացիների համար. մոտենալու, նայելու, զգալու եւ սովորելու ոչ մի հնարավորություն չկա: Իսկ Շուշան Սարդարյանը իր պատասխանում նշել է, որ արձանը տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի Հայաստան կատարած այցի շրջանակում՝ հրապարակի գեղարվեստական ձեւավորման համատեքստում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մամուլի քարտուղարը նշեց, որ առայժմ չի կարող նշել, թե երբ կորոշվի` արձան կտեղափոխվի, թե` ոչ:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանում` Ֆրանսիայի հրապարակում, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից բացվել է Ռոդենի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ իր ելույթում, Նիկոլա Սարկոզին արտասանել է «ցեղասպանության» բառը: